Սերժ Սարգսյան. Հարյուր քայլ չէ, այլ հարյուր անգամ հազար քայլ էլ կանենք, որ չկորցնենք պատմական պահը

Սերժ Սարգսյան. Հարյուր քայլ չէ, այլ հարյուր անգամ հազար քայլ էլ կանենք, որ չկորցնենք պատմական պահը

PanARMENIAN.Net - Այսօր Արարատի մարզի ընտրողների հետ Սերժ Սարգսյանը խոսել է անցած հինգ տարիներին մի շարք ոլորտներում՝ առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների զարգացման ու մատչելիության, գյուղատնտեսության, երկրի համաչափ զարգացման ուղղությամբ սկիզբ առած և առաջիկա տարիների համար նախատեսված ծրագրերի մասին, անդրադարձել նաև կենսաթոշակների հարցի լուծման նպատակով նոր մեխանիզմների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքին:

Սերժ սարգսյանն անդրադարձել է նաև առողջապահության ոլորտին .«Մենք շարունակելու ենք մարզային բժշկական հաստատությունների վերակառուցման և վերազինման ծրագրի իրականացումը: Այդ ձևով մենք թոթափում ենք երևանյան հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը: Միևնույն ժամանակ, բուժումն ավելի մատչելի է դառնում մարզերի բնակիչների համար՝ ոչ միայն նվազեցնելով նրանց պրոբլեմները կապված ճանապարհի հետ, այլ հնարավորություն տալով, որպեսզի և՛ Երևանը բեռնաթափվի այդպիսով, և՛ երկրորդ՝ ավելի արդյունավետ դառնա բժշկական միջամտությունը: Վստահ եմ, որ այդ ձևով մենք փրկում ենք շատ կյանքեր, հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի մարդիկ օգտվեն առաջնային բժշկական օգնությունից»,-ասել է նա:

Արտաշատում ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է ժողովրդավարական գործընթացներն անշրջելի և շարունակական դարձնելու հրամայականի մասին, շեշտելով, որ իր գլխավորած քաղաքական թիմը չի խորշում քաղաքական այլակարծությունից, գաղափարական և գաղափարախոսական առողջ մրցակցությունից: Ավելին՝ խորապես շահագրգռված է դրանում: «Այս ընտրապայքարին մասնակցող մյուս թեկնածուներն ինձ քննադատում են, շատ են քննադատում: Բայց ես վստահ եմ, որ բոլորիս համար ամենասկզբունքային հարցերում մենք դաշնակից ենք: Քննադատում են, լա՛վ են անում, թո՛ղ քննադատեն, իհարկե պիտի քննադատեն, որովհետև նրանք դրանից, կարծես թե, հաճույք են ստանում:

Բայց ես վստահ եմ, որհնարավոր է, հաստատ հնարավոր է հաղթահարել մեր երկրում գոյություն ունեցող բոլոր արատները:

Ես վստահ եմ, որ հարյուր քայլ չէ, այլ հարյուր անգամ հազար քայլ էլ կանենք, որ չկորցնենք պատմական պահը և իրականություն դարձնենք մեր երազանքների Հայաստանը»,-ընտրողներին ասել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ ժողովրդի վստահությունը մեծ պատասխանատվություն է, դրա համար էլ կոչ է անում կրկին վստահել իրեն՝ շարունակելու իր քաղաքական ուղեգիծն ու ստանձնելու նոր՝ ավելի մեծ պատասխանատվություն:

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր Մասիսի քաղաքապետարանում ներկա է գտնվել նաև համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացման արարողությանը, ծանոթացել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման ծրագրի ընթացքին: Այս մասին հայտնում են թեկնածուի նախընտրական շտաբից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---