Կառավարությունն առաջին անգամ 500 մլն դրամ կհատկացնի արդյունաբերությանն օժանդակելու համար

Կառավարությունն առաջին անգամ 500 մլն դրամ կհատկացնի արդյունաբերությանն օժանդակելու համար

PanARMENIAN.Net - Դեռ 2011թ. կառավարությունը հաստատեց Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը: Ռազմավարության մեջ երեք փուլ է նշված, որոնք պետք է ապահովեն 11 ուղղությունների զարգացումը: Բոոլոր ընդգրկված ուղղությունների համար նախատեսված են առանձին հայեցակարգեր, որոնք առաջին երեք ուղղությունների համար՝ կոնյակագործություն, դեղագործություն և ճշգրիտ ինժեներիա, արդեն իսկ մշակված են:

Արդեն մեկ տարի է, ինչ կառավարությունն իրականացնում է ծրագիրն ու անհրաժեշտ կառույցներ է ստեղծում իրականացման համար: Կառավարությունն ակնկալում է, որ ծրագրի իրականացմամբ հնարավոր կլինի արդյունավետ կազմակերպել արդյունաբերության զարգացման հիմնադրամի 2013 թ. աշխատանքը։

Հաջորդ որոշմամբ կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը լիազորել է ձևավորել աշխատանքային խումբ «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» (ԱՖԱԿ) ՓԲԸ հիմնադիր փաստաթղթերի կազմման, ընկերության գրանցման և արտոնագրման համար անհրաժեշտ գործընթացների իրականացման նպատակով։ ԱՖԱԿ-ի ստեղծումը համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը։ Որպես արտահանում իրականացնող ընկերությունների աջակցման նոր գործիք` ԱՖԱԿ-ի հիմնական գործառույթն արտահանման վարկերի ապահովագրման գործիքի տրամադրումն է։ Նորաստեղծ կազմակերպությունն արտահանողին կամ նրան ֆինանսավորող բանկը կապահովագրի վարկառուի /փոխառուի/ գնորդի չվճարման ռիսկից, բանկերի համար կստեղծի ապահովման նոր միջոցներ, կիջեցնի արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները և կընդլայնի ծածկույթը։ Ընկերության միակ բաժնետերը կլինի պետությունը, իսկ մեգականոնակարգորղի դերում հանդես կգա Կենտրոնական բանկը:

Արդյունավետ գործողությունների արդյունքում արդյունաբերության աճը Հայաստանում 2012թ. կազմեց 8,8 տոկոս, իսկ արդյունաբերական արտադրության ծավալը անցնող տարում կազմեց 1 տրլն դրամ: Զգալի աճ արձանագրվեց վերամշակող ճյուղում, ապագայում կներառվեն գինեգործությունն ու թեթև արդյունաբերությունը: Հարկ է նշել, որ 2013թ. արդյունաբերական ոլորտում աճն ակնակալվում է 9,2 տոկոսի սահմաններում: Խնդիր է դրված այդ ցուցանիշը հասցնել 20-21 տոկոսի: ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների հիմնական նպատակն է երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի նոր շարժիչ ուժերի ձևավորումը։

Միջոցառումների իրականացման պետական աջակցության 2013 թ. ծրագրի համար հատկացվել է 545 մլն դրամ, որից մոտ 328 միլիոնը կուղղվի հանրաճանաչ միջազգային արդյունաբերական ոլորտի կազմակերպությունների ներգրավման, արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորման, հայկական ապրանքների նպատակային շուկաներում այդ ապրանքների առաջմղման և ներկայացման, միջազգային սերտիֆիկացման համաֆինանսավորման, միջազգային ցուցահանդեսների մասնակցության ապահովման և այլ նպատակների։

Կառավարությունը պատրաստ է առարկայորեն օժանդակել այն ձեռնարկություններին, որոնք ի վիճակի են էապես ավելացնել իրենց արտադրանքի ֆիզիկական և արտահանման ծավալները։ Այս մասին այսօր հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում: Նա ասել է նաև, որ բոլոր այն ձեռնարկությունները, որոնք ունեն նման կարողություններ և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հայտ կներկայացնեն, կստանան պետական օժանդակություն: «Այսինքն, մենք ունենք բազմաթիվ գործիքներ, որոնք նկարագրված են այս փաստաթղթում և ավելին՝ կարող ենք տրամադրել նաև լրացուցիչ օժանդակություն, որը դուրս կգա այս 545 մլն դրամի շրջանակից, բայց եթե մենք վստահ լինենք, որ մեր ձեռնարկություններն էապես ավելացնելու են արտահանման ծավալը։ Այնպես որ, ցանկացած ձեռնարկություն, որն այդ կարողությունն ունի, կարող է դիմել էկոնոմիկայի նախարարություն»,-ասել է վարչապետը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---