Հարցում. Արցախի բնակիչների 44%-ը կողմ է ԼՂ-ի միացմանը Հայաստանին, 44 %-ը` անկախացմանը

Հարցում. Արցախի բնակիչների 44%-ը կողմ է ԼՂ-ի միացմանը Հայաստանին, 44 %-ը` անկախացմանը

PanARMENIAN.Net - Արցախի բնակիչների 44%-ը կողմ է, որ ԼՂ-ը միանա Հայաստանին, 44 %-ը կողմ է անկախացմանը, փաստացի անկախ մնալուն կողմ է 8.8%-ը, 0.2 %-ը՝ Ադրբեջանի կազմում ընդգրկվելուն, իսկ 3%-ը չի կողմնորոշվում: Սա «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի անցկացրած հարցումների տվյալն է:

Հարցումն անցկացվել է Հայաստանի և Արցախի բնակիչների շրջանում` պարզելու նրանց վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու, ԼՂՀ հարցի հրատապությունը սոցիալ-քաղաքական խնդիրների շարքում պարզելու և Արցախի հարցի լուծման առավել իրատեսական տարբերակների շուրջ: Տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Հայաստանցիների շրջանում ԼՂ և Հայաստանի միավորմանը կողմ են հարցվածների 48.4%-ը, անկախանալուն` հարցվածների 30.8%-ը, իսկ 14.6%-ը` փաստացի անկախությանը, և 0.6%-ը կողմ է Ղարաբաղի ընդգրկմանը Ադրբեջանի կազմում:

«Արցախի հարցի հրատապության հարցը Հայաստանում գտնվում է 8-րդ, իսկ Արցախում` 7-րդ տեղում: Այն հաջորդում է տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, թոշակների, աշխատավարձերի բարձրացման, կրթական, առողջապահական, դատական, իրավական բարեփոխումների հարցերին»,- ասաց սոցիոլոգը:

Ըստ հարցման տվյալների՝ հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորմանը կողմ են Հայաստանում հարցված քաղաքացիների 41.5%-ը, ԼՂՀ քաղաքացիների 31.5%-ը, դեմ են ՀՀ-ում հարցվածների 55.2%-ը, ԼՂՀ-ում՝ 65.5%-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---