Թուրք լրագրող. Թուրքիայում նոր սերունդը սկսել է հարցեր տալ

Թուրք լրագրող. Թուրքիայում նոր սերունդը սկսել է հարցեր տալ

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսօր հանդիպեց Թուրքիայի շուրջ տասը լրատվամիջոցների թղթակիցների հետ: Ծավալված հարցուպատասխանի ժամանակ թուրք լրագրողներից մեկն իր զարմանքն արտահայտեց այն կապակցությամբ, որ Հայաստանում նախագահական ընտրություններին ընդամենը երկու օր է մնացել, իսկ փողոցներում այդքան հանգիստ է, խաղաղ. ոչ մի անկարգություն չի նկատել: ԱԺ փոխնախագահն ի պատասխան նշեց, որ դա այն մեծ աշխատանքի վկայությունն է, որ Հայաստանում կատարվել է ժողովրդավարության ճանապարհին:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների հարցին՝ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ Թուրքիայից քալերի ոչ միայն Հայաստանն ու միջազգային հանրությունն են սպասում, այլև, իր խորին համոզմամբ, նաև հենց թուրք ժողովուրդը: Նա նաև տեղեկացրեց թուրք լրագրողներին, որ հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են մնալ Հայաստանի Ազգային ժողովի օրակարգում, չնայած որ բազմաթիվ անգամներ դրանք հանելու առաջարկ է հնչել: Հերմինե Նաղդալյանը շեշտեց՝ Թուրքիան Եվրոպայի միակ երկիրն է, որ փակ սահմաններ է պահում մեկ այլ երկրի հետ, և միաժամանակ հույս հայտնեց, որ թուրք հասարակության նոր սերունդը խնդրին ի վերջո այլ կերպ կնայի:

«Թըդեյս Զաման»-ի թղթակից Մուստաֆա Էդիբ Յիլմազը նշեց, որ ինքն անձամբ մեծ վիշտ է ապրում 1915 թ. դեպքերի կապակցությամբ՝ ավելացնելով, որ թուրք հասարակության մեջ իսկապես այսօր զարթոնք կա. նոր սերունդը սկսել է հարցեր տալ: Նա նաև հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանում իշխանության քայլերը միանշանակ են ընդունվում հասարակության կողմից: Ի պատասխան, Հերմինե Նաղդալյանը նշեց, որ, իհարկե, կան այլ կարծիքներ ևս, բայց ՀՀ ղեկավարությունը կարողացել է անցնել վստահության այն ճանապարհը, որ իր որոշումներն ու քայլերն ընկալելի և ընդունելի լինեն սեփական ժողովրդի համար: ԱԺ փոխնախագահը նաև համոզմունք հայտնեց, որ երջանիկ է այն առաջնորդը, որ գործում է իր հասարակության անունից, անում է քայլեր, որոնք թելադրում են իր ժողովրդի միտքը:

Թուրք լրագրողները հետաքրքրվեցին նաև հայ-թուրքական հարաբերությունների շրջանակից դուրս հարցերով, օրինակ՝ թե ինչպիսին են պայմանները կանանց համար հայ քաղաքական դաշտում: Հերմինե Նաղդալյանը նշեց, որ իր օրինակը երևի թե այդ հարցի լավագույն պատասխանն է. հայ կինը մեծ ներուժ և հնարավորություններ ունի կայանալու թե քաղաքական կարիերայում, թե ընտանիքում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---