19 սեպտեմբերի 2005 - 13:04 AMT
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԵԼ Է ԱՐԱԲԱԿԱՆ ՇԱՐԺԱ ԷՄԻՐՈՒԹՅԱՆ ԷՄԻՐԻՆ «ՍԲ. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ» ՇՔԱՆՇԱՆՈՎ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի էմիր, շեյխ դոկտոր Սուլթան բեն Մոհամմադ ալ Կասիմիին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռ.Քոչարյանը «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել էմիրին հայ եւ արաբ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, նաեւ Շարժայի հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի համար: ՀՀ նախագահը ողջունել է մշակութային համագործակցության ոլորտում նկատվող մեծ ակտիվությունը, նշելով, որ այն փոխհարաբերությունների զարգացման լավ հիմք է: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համագործակցության ընդյալնմանն առնչվող հարցեր: Հեռանկարային են համարվել մասնավորապես զբոսաշրջության եւ գյուղմթերքների արտահանման ուղղությունները: Շարժայի էմիրը նշել է, որ Էմիրություններից Հայաստան զբոսաշրջական հոսքեր ուղղելու լուրջ հնարավորություններ կան, իսկ հայկական գյուղմթերքների ներմուծման դեպքում իրենք ստիպված չեն լինի, օրինակ, խաղող ներկրել հեռավոր երկրներից: Արաբական կողմը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել արաբ գործարար շրջանակների ներկայացուցիչների այց Հայաստան տեղում փոխշահավետ կապեր հաստատելու համար: