KfW աջակցությամբ աղբահանության ծրագիր է իրականացվում Վանաձորում, որը կարող է օրինակելի մոդել դառնալ

KfW աջակցությամբ աղբահանության ծրագիր է իրականացվում Վանաձորում, որը կարող է  օրինակելի մոդել դառնալ

PanARMENIAN.Net - Այսօր Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նախ այցելեց Վանաձորի Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց, ծանոթացավ վերակառուցված կրթական հաստատության պայմաններին: Դպրոցի վերակառուցման համար ծախսվել է 405 մլն դրամ, որից 200 մլն դրամը ներդրվել է համայնքի կողմից, իսկ 205 մլն դրամը հատկացվել է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրով: Գույքի ձեռք բերման համար ևս 27 մլն դրամ է հատկացվել չորրորդ ծրագրով: Վերանորոգումից հետո այստեղ է տեղափոխվել նաև Վանաձորի Շ. Տալյանի անվան երաժշտական դպրոցը, որը մինչ այդ գործում էր տնակային պայմաններում: Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցը ներկայումս ունի մոտ 450 սան, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Փոխվարչապետը գոհունակությամբ նշեց, որ երեխաներն արդեն հնարավորություն ունեն սովորելու բարեկարգ դպրոցում, որտեղ ստեղծված են ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Նա հատկապես ողջունելի համարեց համայնքի մասնակցությունը դպրոցի վերանորոգման գործում` կարևորելով համայնքային խնդիրները սեփական ուժերով լուծելու նախաձեռնությունը:

Ա. Գևորգյանը Վանաձորի «Արգիշտի» հյուրանոցում ներկա գտնվեց նաև «Վանաձոր քաղաքի կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման հայեցակարգ» ծրագրի հաշվետվության քննարկմանը: Հաշվետվությունը պատրաստվել է գերմանական «ERM GmbH» խորհրդատվական ընկերության կողմից, որն ուսումնասիրում է Գերմանական զարգացման բանկի (KfW) աջակցությամբ իրականացվող ծրագրի կիրառելիությունը: Քննարկումների արդյունքում ընդհանուր մոտեցումներ կձևավորվեն ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման փուլի գործողությունների վերաբերյալ: Փոխվարչապետը նկատեց, որ ծրագրի իրականացումը կարևոր նշանակություն կունենա թե Վանաձորի, թե հարակից համայնքների բնակչության համար` լուծելով հրատապ դարձած աղբահանության խնդիրը: Հաջող իրականացման դեպքում` ծրագիրը կարող է նաև օրինակելի մոդել դառնալ հանրապետության մի շարք այլ համայնքներում աղբահանության արդյունավետ կազմակերպման համար:

Վանաձորից փոխվարչապետը մեկնեց Ախթալա, որտեղ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդի, քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց վերանորոգված համայնքային կենտրոնում: Շենքի վերանորոգման համար ընդհանուր առմամբ հատկացվել է 37,7 մլն դրամ, որից 15 մլն դրամը` մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով, 12,4 մլն դրամը` ԱՄՆ ՄԶԳ-ի, 10,3 մլն դրամը՝ համայնքի կողմից:

Փոխվարչապետը եղավ նաև «Ախթալայի առողջության կենտրոնի» շինհրապարակում, մասնակցեց հիմնարկեքի արարողությանը: Բուժհաստատությունը վերակառուցվելու է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում: Այդ նպատակով ներդրվելու է շուրջ 45 մլն դրամ, որի 5%-ը համաֆինանսավորելու է համայնքը: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ամռանը, ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---