ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՓՈՐՁԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆիննական հարաբերությունների զարգացման խնդիրները: Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ քաղաքական, տնտեսական ու գիտամշակութային կապերի ամրապնդումը: Առանձնակի կարեւորություն է տրվել միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Կողմերը նշել են նաեւ, որ Հայաստանի խորհրդարանում ստեղծվել է Ֆինլանդիայի խորհրդարանի հետ բարեկամության խումբ: Տ. Հալոնենի խնդրանքով` Աժ նախագահը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները, կարեւորել է ֆիննական փորձի օգտագործումը: Ֆինլանդիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը ՀՀ Ազգային ժողովում հանդիպել է նաեւ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի, մշտական հանձնաժողովների նախագահների, խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը ներկա էին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ Հայաստանի ու Ֆինլանդիայի դեսպանները: Արթուր Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ այցը խթան կհանդիսանա հայ-ֆիննական հարաբերությունների զարգացման գործում: Նա նաեւ կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում, օրենսդրության բնագավառում փորձի փոխանակումը: Նրա խոսքերով` որդեգրելով եվրաինտեգրման քաղաքականությունը` Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ֆիննական փորձի ուսումնասիրությանը: Բարձր գնահատելով Ֆինլանդիայում ստեղծված հայագիտական կենտրոնի գործունեությունը` ՀՀ խորհրդարանի խոսնակը պատրաստակամություն է հայտնել աջակցել կենտրոնին նոր գրականության ձեռքբերման հարցում: Արթուր Բաղդասարյանն իր ֆինն գործընկերներին հրավիրել է Հայաստան: Իր հերթին, Տարյա Հալոնեն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ առկա քաղաքական հարաբերությունները լավ հիմքեր են ստեղծել հետագա փոխգործակցության համար եւ կարեւորել է ոչ միայն երկկողմ, այլեւ միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը: Նա նշել է նաեւ, որ Ֆինլանդիայի խորհրդարանում ստեղծվել է Հարավային Կովկասի հետ բարեկամության պատգամավորական խումբ: Տ. Հալոնենը հրավիրել է հայ խորհրդարանականներին մասնակցելու 2006 թվականին Ֆինլանդիայի խորհրդարանի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին, ինչը օգտակար կլինի նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացման եւ փորձի փոխանակման առումով: Ֆինլանդիայի նախագահը հույս է հայտնել, որ Սահմանադրության փոփոխությունները Հայաստանում կընթանան համաձայնության մթնոլորտում: Հանդիպման վերջում Տարյա Հալոնեն գրառումներ կատարեց պատվավոր հյուրերի գրքում:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---