Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ KFW ԲԱՆԿԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻՆ27 սեպտեմբերի 2005 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպել է գերմանական KfW բանկի ավագ փոխնախագահ Նորբերտ Կլոպպենբուրգին, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Ողջունելով հյուրին` Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ գերմանական KfW բանկի ավագ փոխնախագահի առաջին այցը նոր խթան կհանդիսանա Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ֆինանսական համագործակցության հետագա զարգացման համար: Կողմերը գոհունակություն են հայտնել 1995 թվականից սկիզբ առնող համագործակցության ընթացքից, որի արդյունքում Հայաստանին տրամադրվել է, ընդհանուր առմամբ, շուրջ 150 մլն. եվրո գումար, որից մոտ 35 մլն-ը` որպես դրամաշնորհ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են առաջիկա տարիներին երկկողմ ֆինանսական համագործակցության զարգացման հեռանկարներն ու առաջնահերթ ուղղությունները: Գոհունակություն հայտնելով էներգետիկայի ոլորտում հաջողությամբ ավարտված համատեղ ծրագրերի կապակցությամբ` Հայաստանի վարչապետը ողջունել է բանկի կողմից էներգետիկայի ոլորտին դրսեւորվող ուշադրությունը: Ա.Մարգարյանը ողջունել է նաեւ KFW բանկի կողմից հիպոթեքային շուկայի զարգացմանն ուղղված օժանդակությունը եւս: Նորբերտ Կլոպպենբուրգը շնորհակալություն է հայտնել վարչապետին եւ ՀՀ կառավարությանը` անցած 10 տարիների ընթացքում համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Նա նշել է, որ այս այցի շրջանակներում լինելով մարզերում ու տարբեր համայնքներում, ծանոթանալով մեր երկրում իրականացվող ծրագրերի ընթացքին, այժմ շատ ավելի լավատես է ապագա նոր ծրագրերի հաջող իրականացման հարցում: Ն. Կլոպպենբուրգը նշել է հիպոթեքային շուկայի ձեւավորման գործում մեր երկրին աջակցելու բանկի պատրաստակամությունը: Նա հայտնել է, որ արդեն այս տարվա հոկտեմբերին Հայաստան կժամանի բանկի աշխատանքային խումբը` նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու եւ տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին ծրագիրն սկսելու նպատակով: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունն արդեն խորհրդարան է ներկայացրել հիպոթեքային շուկայի ձեւավորմանն ուղղված օրինագծերի փաթեթը եւ հույս է հայտնել, որ այն խորհրդարանի կողմից կընդունվի մինչեւ տարեվերջ: Կողմերն անդրադարձել են նաեւ Գերմանահայկական հիմնադրամի աշխատանքների շարունակման հնարավորությանը` հաշվի առնելով այդ ծրագրի հաջողությունը եւ տնտեսությունում նմանատիպ վարկավորման պահանջարկի առկայությունը: Հանդիպման ընթացքում Ա.Մարգարյանը եւ Ն.Կլոպպենբուրգը մտքեր են փոխանակել նաեւ հայ-գերմանական տնտեսական համագործակցության փոխադարձ հետքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |