28 սեպտեմբերի 2005 - 13:06 AMT
ԱՌԱՅԺՄ ՄՇԱԿՎԱԾ ՉԵՆ ՌՀՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Այսօր մեկնարկում են Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում «Համաշխարհային հայկական Կոնգրեսի» եւ «Ռուսաստանի հայերի միության» օրերը: Առայժմ մշակված չեն ՌՀՄ եւ ՀՀ կառավարության համագործակցության կոնկրետ մեխանիզմները եւ կազմակերպության գործունեությունը պայմանավորված է միայն գիտության, կրթության, տնտեսության եւ առեւտրի ոլորտներում աշխատանքով: Այս մասին Միության 5-ամյա գործունեությանը նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա տեղեկացրել է, որ վաղը նա հանդիպելու է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ պատրաստվում է առաջարկություն անել ՀՀ կառավարության հետ համագործակցության համատեղ աշխատանքի կոնկրետ մեխանիզմներ մշակելու մասին: Նա նշել է նաեւ, որ կազմակերպությունը քաղաքականությամբ չի զբաղվում, «քանզի մենք Ռուսաստանի քաղաքացիներ ենք, եւ ոչ թե Հայասատանի», սակայն միեւնույն ժամանակ նա նկատել է, որ ՌՀՄ չի կարող չհետաքրքրվել դրանով, քանի որ Ռուսաստանում բնակվում է շուրջ 400 հազար Հայաստանի քաղաքացի: «Առանց մեզ էլ քաղաքականությամբ զբաղվողներ կան»,- հայտարարել է ՌՀՄ նախագահը եւ ավելացրել, որ կազմակերպությունը կօգնի Հայաստանում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացմանը` ձգտելով չխախտել օրենքը: Իր կարծիքն արտահայտելով Վրաստանի իշխանություններից` Ջավախքին ինքնիշխանության կարգավիճակ տալու հայ համայնքի պահանջի կապակցությամբ` Ա.Աբրահամյանը նշել է, որ Վրաստանը անկախ երկիր է, սակայն , եթե նա չի կարող իր քաղաքացիներին ապահովել հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ աշխատանքով, ապա Ջավախքի բնակիչներն իրավունք ունեն խնդրելու իրենց ինքնիշխանություն տալու մասին, որպեսզի ինքնուրույն ղեկավարեն կենսագործունեության գործընթացները: «Մենք պետք է մասնակցություն ունենանք մեր հայրենակիցների ճակատագրում»,- հայտարարել է նա: