Պատմաբան. Գիտական առումով Բաքուն արդեն հայկական քաղաք է

Պատմաբան. Գիտական առումով Բաքուն արդեն հայկական քաղաք է

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ անգլերենով հրատարակված «Բաքվի նահանգի հայությունը 19-րդ դարի երկրորդ կեսին» պատմաժողովրդագրական ուսումնասիրության և հայերենով լույս տեսած «Բաքու քաղաքի հայության պատմություն» աշխատության շնորհանդեսը: Գրքի հեղինակը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Ստեփանյանն է: Աշխատությունները լույս են տեսել ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով և հովանավորությամբ: Աշխատություններում ներկայացված են Բաքու քաղաքի և համանուն նահանգի հայության պատմությունը, մշակույթը, խոշոր ներդրումը քաղաքի և ողջ նահանգի զարգացման գործում:

Շնորհանդեսին ներկա էին քաղաքական և ռազմական գործիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, մտավորականներ: Ներկաները ընդգծեցին աշխատության կարևորությունը՝ որպես զենք ընդդեմ ադրբեջանական քարոզչամեքենայի: «Այս գիրքը օտար լեզվով հրատարակելով՝մենք մի քանի խնդիր ենք լուծում: Դրանով մենք ճշմարտությունն ենք փոխանցում օտարներին: Այս գիրքը տեղեկատվական-քարոզչական գործառույթ է կատարում, երբ ադրբեջանական քարոզչամեքենան աշխարհի բոլոր ծայրերում հայատյաց քաղաքականություն է վարում: Փորձում ենք հակադարձել այն հակահայկական հիստերիային, որ հնչում է այդ երկրի առաջին դեմքի մակարդակով», -նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանն ընդգծեց, որ ինչպես շատերն են ասում, Հայաստանը այսօր տանուլ է տալիս տեղեկատվական պատերազմը, սակայն, ըստ նրա, դա զարմանալի չէ. «Մենք փառավոր հաղթանակ ենք տարել պատերազմում, դրանից հետո նրանց մնաց միայն քարոզչության դաշտը: Նրանց սուտը հասել էայնտեղ, որ ասում են, թե Արևելյան Հայաստան գոյություն չունի. Արևմտյան Ադրբեջանն է: Երևանը ադրբեջանական քաղաք է, իսկ Էջմիածնի Մայր տաճարը աղվանական մշակույթի կոթող: Սակայն մեր միտքը հասավ նրան, որ այժմ քարոզչական դաշտում ևս հավասարակշռություն է հաստատվում: Մեծապես նաև նման գրքերի շնորհիվ: Քարոզչական պայքարում Գևորգ Ստեփանյանը կարևոր գործ է կատարել:Գիտական-գաղափարական ճակատում ևս հաղթանակը մերն է լինելու, որովհետև երկիրը, որը հերոսացնում է մարդասպանին և Սովետական միության ամենամեծ կաշառակերին, քարոզչական դաշտում հաղթանակ չի կարող տանել»,-ասաց Աշոտ Մելքոնյանը: «Ադրբեջանցիները ասում են՝ Երևանը ադրբեջանական է: Այս գիրքը կարդալով կիմանան, թե Բաքուն ինչ քաղաք է: Գիտական առումով Բաքուն արդեն հայկական քաղաք է»,-հավելեց պատմաբանը:

Շնորհանդեսին ներկա ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը հայտարարեց, որ նման գիրք պետք է գրել նաև Վրաստանի հայերի մասին՝ մեր պատմությունը խեղաթյուրողների դեմ:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---