ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ30 սեպտեմբերի 2005 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի եւ Վրաստանի դեսպանները` Գեորգի Խոսրոեւը եւ Ռեւազ Գաչեչիլաձեն, արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, «ԱՐԱԳԵՍ» կազմակերպության համանախագահ, պատգամավոր Վլադիմիր Բադալյանը: Զ. Նողաիդելին Հայաստանի խորհրդարանի խոսնակին է ներկայացրել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները` ընդգծելով, որ քննարկվող բոլոր հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռքբերվել: Երկուստեք կարեւորվել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական ու գիտակրթական կապերի ամրապնդումը: Արթուր Բաղդասարյանը եւ Զուրաբ Նողաիդելին քննարկել են երեք հիմնական խնդիրներ` ջավախքահայության, Թուրքիա-Վրաստան նոր երկաթգծի կառուցման եւ աբխազական երկաթուղու վերագործարկման: Կարեւորելով ջավախքահայրեի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծումը` Ա.Բաղդասարյանը նշել է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությամբ Սամցխե-Ջավախեթիի տնտեսական զարգացման վերականգնողական ծրագիր պետք է մշակվեր եւ իրականացվեր: Վրաստանի վարչապետը Ա.Բաղդասարյանին իրազեկել է, որ արդեն մշակվել է մինչեւ 2010 թվականը այդ ռեգիոնի ճանապարհների վերականգնման ու շինարարության ծրագիր եւ շրջանային ու գյուղական դպրոցների վերանորոգման եռամյա ծրագիր, որոնց կատարումը ոչ միայն ենթակառույցների զարգացմանը կնպաստի, այլեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը: Անդրադառնալով նոր երկաթգծի հնարավոր կառուցմանը` հայաստանի խորհրդարանի խոսնակը կարեւորել է, որ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան երկաթուղագիծը չշրջանցի Հայաստանը, քանի որ դա բարենպաստ չի լինի տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից, առավել եւս որ գործարկման պատրաստ երկաթուղագիծը աշխատեցնելը տնտեսապես շատ ավելի հեշտ ու նպատակահարմար է, քան նորը կառուցելը: Զուրաբ Նողաիդելին հավաստիացրել է, որ Վրաստանում որեւէ ծրագիր չի իրականացվի, որն ուղղված է Հայաստանի դեմ, որովհետ- իր երկիրը շահագրգռված է խաղաղ ու տնտեսապես ուժեղ հարեւան ունենալու մեջ, որը տարածաշրջանը արտասահմանյան ներդրողների համար առավել գրավիչ է դարձնում: Աբխազական երկաթուղու վերագործարկման առնչությամբ կողմերը նշել են, որ կան դեռեւս չլուծվող խնդիրներ, որոնց լուծմանը կարող է նպաստել եռակողմ հանդիպումը` ռուսական-վրացական-հայկական կողմերի մասնակցությամբ: Ա. Բաղդասարյանի խոսքերով` Կովկասյան քառյակի առաջիկա հանդիպումներից մեկի ժամանակ նա մտադիր է Ռուսաստանի եւ Վրաստանի խորհրդարանների նախագահների հետ այս հարցը դարձնել քննարկման առարկա, քանի որ երկաթուղու վերագործարկումը կենսական նշանակություն ունի: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |