Թուրքիային առնչվող քայլեր՝ մեկը մեկի հետևից, որոնց հեղինակները չեն էլ մտածել ԱԳՆ-ին տեղեկացնելու մասին

Թուրքիային առնչվող քայլեր՝ մեկը մեկի հետևից, որոնց հեղինակները չեն էլ մտածել ԱԳՆ-ին տեղեկացնելու մասին

PanARMENIAN.Net - Վերջին շրջանում մի քանի նախաձեռնություններ լուսաբանեցի, որոնք առնչվում էին Թուրքիային ու որոնց հեղինակները հարկ չէին համարել դրանց մասին նախօրոք տեղեկացնել ՀՀ ԱԳՆ-ին: Այսպես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կայքում հայտնի ստորագրահավաքի կազմակերպիչներից Դանիել Իոաննիսյանին հարցրեցին` քայլը նախաձեռնելուց առաջ տեղեկացրե՞լ եք ԱԳՆ-ին, խորհրդակցե՞լ: Իոաննիսյանը պատասխանեց, որ այնքան էլ մեծ կարծիք չունի ՀՀ ԱԳՆ աշխատանքի ու դիվանագիտության մասին:

Երևան-Վան չվերթը նախաձեռնած «Նարեկավանք Տուր» զբոսաշրջային ընկերության տնօրեն, թուրքագետ Աշոտ Սողոմանյանը ևս, նույն հարցին պատասխանելով, բազմանշանակ ժպիտով նշեց, որ ԱԳՆ-ին ոչ տեղեկացրել են իրենց նախաձեռնության մասին, ոչ էլ քննարկել: «Դիմել ենք Քաղավիացիայի գլխավոր վարչություն ու թույլտվություն ստացել: Դա նշանակում է, որ ԱԳՆ-ն դեմ չի եղել»:

Հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի հետ որևէ առնչություն ունեցող նախաձեռնության մասին հայտարարելուց առաջ ՄԵՐ ԱԳՆ կարծիքն ինձ կհետաքրքրեր` 2 պատճառով: Նախ` ես լրագրող եմ ու դիվանագետից լավ իր գործից գլուխ չեմ հանի` ամեն հարմար առիթով ասում ենք ամեն մեկն իր գործով պիտի զբաղվի, ուրեմն: 2-րդ` ամեն դեպքում ՀՀ արտաքին քաղաքականությամբ զբաղվում է Արտաքին գործերի նախարարությունն ու գոնե չխանգարելու, «ով ինչ ուզում, անում է» իրավիճակ ստեղծելու փոխարեն համակարգված աշխատելու համար պետք է ամենաքիչը տեղյակ պահել:

Երևան-Վան չվերթները նախնական տվյալներով ապրիլի 3-ին են մեկնարկում: Դեռ ամիսներ առաջ էր թուրքագետ Արտակ Շաքարյանը նշել, որ ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիան նման մի քայլի «բարի կամք» կդրսևորի ու միջազգային հանրության ուշադրությունը կշեղի այդ` իրեն ձեռնտու ուղղությամբ:

Նա նշել էր, որ Թուրքիան դիվանագիտական բոլոր լծակներով պատրաստում է ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների հակաքայլերը ու չբացառեց նույնիսկ հավանականությունը, որ Էրդողանը, հեռուստատեսությամբ Դավութօղլուի արցունքներից կթափելով, ներողություն կխնդրի: Որ մենք դրան պատրաստ չենք, թուրքագետը նույնպես նկատել է, իսկ Թուրքիան պատրաստվում է հնարավոր բոլոր սցենարներին: Ուղղակի պետք չէ անզգուշորեն օգնել:

Չբացառելով, որ, որպես կանոն, արտաքին գերատեսչությունները միշտ տեղյակ են իրենց ոլորտին առնչվող զարգացումներին, հաճախ այդ զարգացումներն իրենց իսկ նախաձեռնությամբ են, բայց այդ մասին չի նշվում, որովհետև ամեն ինչ չէ, որ դիվանագիտության մեջ ջրի պես պարզ է, մնում է միայն փոքրիկ հույս ունենալ, որ մեր ԱԳՆ-ն ևս մի քանի քայլ առաջ է, ուղղակի նպատակահարմար չէ այդ մասին հայտարարելը:

Ու եթե ԱԳՆ-ն տեղյակ է, հույս ունենանք նաև, որ վերը նշված կամ այլ քայլերն այս կամ այն կերպ չեն հանգեցնի արտաքին քաղաքականության ձախողումների:

Իսկ ձախողման նախադեպ կա: Հենց ստորագրահավաքը, իմ սուբյեկտիվ կարծիքով, ձախողվեց, իսկ ադրբեջանցիները նույն կայքում ստորագրահավաքի գոնե նախնական փուլում չձախողվեցին:

Անի Ավետյան
 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---