ԵՀՄՖ-ն հորդորում է ՄԱԿ-ին վերանայել UNDP-ի գրասենյակը Թուրքիա տեղափոխելու մասին որոշումը

ԵՀՄՖ-ն հորդորում է ՄԱԿ-ին վերանայել UNDP-ի գրասենյակը Թուրքիա տեղափոխելու մասին որոշումը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը (ԵՀՄՖ) նամակով դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ բողոք հայտնելով UNDP-ի գրասենյակի տեղափոխման վերաբերյալ: Նամակում մասնավորապես ասվում է.

Մեծարգո պրն. Պան Գի Մուն

Մենք զայրույթով և ափսոսանքով տեղեկացանք ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրերի գրասենյակը Ստամբուլ, Թուրքիա տեղափոխելու վերաբերյալ Ձեր մտահղացման մասին: Մենք նման տեղափոխումը համարում ենք չափազանց մտահոգիչ և ոչ նպատակային հետևյալ ներքոնշյալ գործոնների պատճառով՝

ա) Թուրքիան իր երկրում չի կարողանում ապահովել ազգային փոքրամասնությունների իրավունքները և իրավասությունները

բ) կեղծելով պատմությունը, բռնի կերպով թրքացվում են տեղանունները և անձնանունները,

գ) այլախոհները դաժանորեն պատժվում և բանտարկվում են, ինչպես նաև փորձեր են արվում խոչընդոտելու լրագրողների պրոֆեսիոնալ գործունեությանը,

դ) կոնֆլիկտային իրավիճակների ստեղծում և ներգրավվում հարևան պետությունների հետ՝ ընդհուպ մինչև ռազմական միջամտություններ:

ՄԱԿ-ը իր ավանդական նպատակներով համարվում է մարդասիրական կառույց և այդ կառույցի գրասենյակի Թուրքիա տեղափոխումը՝ մի երկիր, որտեղ ամեն կերպ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքները, մենք համարում ենք բացարձակապես անընդունելի: Եվ մենք վստահաբար կարող ենք պնդել, որ նույնիսկ Թուրքիայի կողմից ՄԱԿ-ին տրված գումարները բնավ չեն էլ կարող փոխհատուցել այն հսկայական վնասները (ժառանգության և հնագույն հուշարձանների ոչնչացում, մշտական անբավարար պայմանների առկայություն փախստականների համար, ազգային խտրականության դրսևորումներ և հետապնդումներ՝ անգամ այդ հողի վրա դավադրությունների կազմակերպում, օր. Հրանտ Դինքի սպանությունը), պատճառված այս պետության կողմից: Եվ ինչքան էլ, որ ՄԱԿ-ի կառույցները փորձեն ապացուցել, որ չեզոքության ապահովումը հնարավոր է տվյալ երկրում, մենք համոզված ենք, որ առկա է լինելու ընդհանուր մթնոլորտի բացասական ազդեցությունը: Եվ իզուր չէ, որ Թուրքիան այսքան տարի ապարդյուն կերպով բախում է Եվրոպայի դռները` փորձելով անդամակցել Եվրամիությանը, և ամեն անգամ մերժում է ստանում վերևում թվարկված պայմանների պատճառով:

Ուստի, մենք հաստատապես համոզված ենք, որ Դուք առավելագույն ջանքեր կգործադրեք այդ որոշման վերանայման ուղղությամբ, դրանով իսկ նպաստելով այս հարցի շուրջ ծավալված կրքերի լարվածության թուլացմանը, ասվում է նամակում, հայտնում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---