Վարդան Սեդրակյանին կալանավորելու դատարանի որոշումը կվիճարկվի վերաքննիչ դատարանում

Վարդան Սեդրակյանին կալանավորելու դատարանի որոշումը կվիճարկվի վերաքննիչ դատարանում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին երկու ամսով կալանավորելու դատարանի որոշումը նախկին թեկնածուն կվիճարկի վերաքքնիչ դատարանում: Այսօր ժամը 16.30-ին Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը բողոքը հանձնել է դատարան:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մարտի 5-ին բավարարել է ԱԱԾ միջնորդությունը և Վարդան Սեդրակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում էր կայացրել:

Ավելի վաղ Վարդան Սեդրակյանի փաստաբանը հայտարարել էր, որ նրան կալանավորելու իրավուք չկար, քանի որ նախագահի թեկնածու է և անձեռնմխելի է, իսկ ընտրությունների արդյունքները վիճարկող բողոքը գտնվում է Սահմանադրական դատարանում: Սիրունյան իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության համաձայն` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 87 հոդվածի առաջին մասի համաձայն Հանրապետության նախագահի թեկնածուն իր կարգավիճակը ձեռք է բերում գրանցումից հետո: Սույն օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները Հանրապետության նախագահի թեկնածուի վրա տարածվում են մինչև Հանրապետության նախագահ ընտրվելու մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Նույն հոդվածի վեցերորդ մասի համաձայն Հանրապետության նախագահի թեկնածուն, ընտրված նախագահը մինչև Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Սույն մասով սահմանված դրույթը չի տարածվում մինչև թեկնածու գրանցվելը ձերբակալված կամ կալանավորված քաղաքացիների, ինչպես նաև ձերբակալությունը կալանքով փոխելու և կալանավորված թեկնածուի կալանքի ժամկետը երկարաձգելու դեպքերի վրա:

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից դեռևս որոշում չի կայացվել Հանրապետության նախագահի մեկ այլ թեկնածու՝ Ռաֆֆի Հովհաննիսյանի դիմումի վերաբերյալ, Վարդան Սեդրակյանը մինչև օրս հանդիսանում է Հանրապետության նախագահի թեկնածու և կալանավորվել չէր կարող:

 Ուշագրավ
---