Սեբաստացի քառասուն մանկանց հիշատակության օրը Թբիլիսիում մատուցվել է Սուրբ Պատարագ

Սեբաստացի քառասուն մանկանց հիշատակության օրը Թբիլիսիում մատուցվել է Սուրբ Պատարագ

PanARMENIAN.Net - Մարտի 9-ին՝ Սեբաստացի սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ:

Պատարագիչ քահանան հիշատակեց 4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաներին, ովքեր Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում:

Հավատարիմ մնալով իրենց քրիստոնեական հավատին, նրանք նահատակվում եմ: Նրանց նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ եւ հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչեւ Լենկթեմուրի արշավանքը, հայտնում է Վիրահայոց թեմի մամլո ծառայությունը:

Պատարագի ընթացքում եկեղեցում 40 վառվող մոմերով զարդարված սեղանը խորհրդանշորեն վկաների հավատարմությունն էր քրիստոնյա հավատին, և նրանց նահատակությունը, որ երևում է լուսե պսակներով: Իսկ տանջանքներին չդիմացող նահատակի մոմը, որ մնացել էր առանց ծաղկի, խորհրդանշում էր նրա զրկվելը երկրային և երկնային կյանքից:

Քարոզիչ քահանան մեկնաբանեց օրվա խորհուրդը՝ հորդորելով 40 մանկանց պատմության օրինակով կյանքի բոլոր դժվարությունների մեջ անգամ հավատարիմ մնալ Քրիստոսի հավատին, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները` երկնային պսակին արժանանալու համար:

Հավարտ պատարագի՝ հոգևոր հայրերի կողմից կատարվեց բուսական յուղի ավանդական օրհնություն, որը հավատացյալները տարան իրենց տները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---