Վ.Օսկանյանը տեղեկացրել է Լիտվայի ղեկավարին ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հանդիպել է Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը նշեցին Հայաստանի եւ Լիտվայի միջեւ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը եւ այս ուղղությամբ փոխադարձ շփումների կարեւորությունը: ՀՀ ԱԳ նախարարը կարեւորեց Եվրոպական Միության նոր հարեւանության քաղաքականության մեջ Հայաստանի առավել ներգրավվածությունն ապահովելուն ուղղված Լիտվայի աջակցությունը եւ եվրոպական կառույցներին անդամակցելու լիտվական փորձի փոխանակումը: Այս հարցերի համատեքստում կողմերը համաձայնության եկան միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հաստատված համագործակցությունը շարունակելու շուրջ:Վարդան Օսկանյանը դրական գնահատեց Լիտվայի դերը Բալթյան եւ Կովկասյան տարածաշրջանների միջեւ համագործակցության ծավալման եւ փորձի փոխանակման առումով: Այնուհետեւ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության ներկա ծրագրերը, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցերը: Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային այլ խնդիրներին, մասնավորապես առկա հակամարտությունների կարգավորման ուղիներին: Վ. Օսկանյանը Լիտվայի նախագահին ծանոթացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքին: Երեկոյան ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այսօր նախատեսված է Վ. Օսկանյանի հանդիպումը Լիտվայի ԱԳ նախարար Անտանաս Վալիոնիսի հետ, այցելություն Լիտվայի Ցեղասպանության թանգարան եւ ելույթ Վիլնյուսի միջազգային հարաբերությունների եւ քաղաքական գիտությունների ինստիտուտում:
 Ուշագրավ
---