Մեծամորի ԱԷԿ-ի շուրջ նոր սեյսմիկ կայաններ կտեղադրվեն. դրանք արդեն Հայաստանում են

Մեծամորի ԱԷԿ-ի շուրջ նոր սեյսմիկ կայաններ կտեղադրվեն. դրանք արդեն Հայաստանում են

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Խորհրդակցության ընթացքում ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպք-պատահարների ու արձագանքման միջոցառումների մասին։ Նախարարին զեկուցվել է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարության թռիչքային պարապմունքներին կմասնակցեն ՓԾ օդադեսանտային ջոկատի անդամները` 25 հոգուց բաղկացած կազմով, իսկ ապրիլի 1-10-ն ընկած ժամանակահատվածում չորս փրկարար կմասնակցի շվեյցարացիների կողմից կազմակերպվող ականազերծման դասընթացներին։ ԱԻ նախարարի հրամանով հանրապետության բոլոր մարզերը պետք է ապահովված լինեն ականազերծման մասնագետներով։

Օրերս փրկարար ծառայությունը ձեռք է բերել նաև նոր, ժամանակակից ջրասուզակային հանդերձանք և սարքավորումներ, որոնք տրամադրվելու են հատուկ ջրափրկարարական ջոկատին։

ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը տեղեկացրել է, որ ՀԱԷԿ-ի շուրջը տեղադրվող նոր սեյսմիկ կայաններն արդեն գտնվում են Հայաստանում և շուտով կտեղադրվեն ատոմակայանի շուրջը. այսինքն` ներկայիս հին կայանները կփոխարինվեն նոր, ժամանակակից թվային կայաններով։ Այնտեղից ստացված բոլոր տվյալները կփոխանցվեն ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն։

ՍՊԾ գործակալության պետը նաև հայտնել է, որ ԱԻՆ թանգարանը շուտով կհամալրվի սեյսմիկ սարքերի հին նմուշներով։ Հիդրոմետ ծառայությունն աչալուրջ հետևում է եղանակային փոփոխություններին և այս օրերին մշտապես կապի մեջ է եղել Արարատի և Արմավիրի մարզպետարանների հետ` զգուշացնելով եղանակային հնարավոր փոփոխությունների մասին, որոնք կարող էին լուրջ վնաս հասցնել սպասվող բերքին։

Խորհրդակցության ընթացքում նշվել է նաև, որ Հարավկովկասյան երկաթուղու մասնագետների հետ համատեղ ուսումնասիրվում են Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի սողանքային գոտիները, որոնց վրա պետք է փարոսիկներ տեղադրել` սողանքային երևույթներին հետևելու համար։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---