Վ.Պրյախին. Հայաստանը պետք է համեմատել ոչ թե հարեւանների, այլ Մերձբալթյան երկրների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման անցած 14 տարիների գլխավոր նվաճումը նրա ազգային անկախ պետականության կայացումն է: Ժողովրդավարական հասարակության ինստիտուտների ձեւավորման գործընթացը բարդ է ընթանում, կա առաջընթաց, սակայն կան նաեւ շատ խնդիրներ, երբեմն լինում է նաեւ հետընթաց: Այսպիսի տեսակետ հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում: Վլադիմիր Պրյախինն անհանգստացած է, որ, ըստ «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության հրապարակած թվերի` զանգվածային լրատվամիջոցների ազատության ինդեքսով Հայաստանը 83-րդ տեղից կտրուկ իջել է 119-րդը: Միաժամանակ նա նշեց. «Ես չեմ համարում այս թվերը բացարձակ, մարդիկ կարող են եւ սխալվել»: Պատասխանելով ընտրական գործընթացների վերաբերյալ հարցին` Վ.Պրյախինը նշեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կային խնդիրներ. «Ես չեմ կարծում, թե դրանք որոշ տեղերում ազդել են վերջնական արդյունքի վրա, այդուհանդերձ, խնդիրներ եղել են»: ԵԱՀԿ-ն իր կողմից ջանքեր կգործադրի այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ, նշեց նա: Վլադիմիր Պրյախինը սխալ համարեց Հայաստանը հարեւան պետությունների հետ համեմատելը: Ըստ նրա` Հայաստանը միանգամայն արժանի է, որպեսզի նրան համեմատեն հետխորհրդային տարածքի այնպիսի երկրների հետ, ինչպիսին են Մերձբալթյան երկրները, որովհետեւ 1991 թ. ելման կետը նույնն էր, սակայն հետո իրավիճակը սկսեց փոխվել: Այսպես, նա վկայակոչեց Էստոնիայի օրինակը, որը ներկայումս կոռուպցիայի մակարդակով 25-րդ տեղում է, իսկ Հայաստանն այդ ցուցանիշով 89-րդն է:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---