Ավագանու ընտրություն. Ինչո՞ւ չմիավորվեցին ընդդիմադիրները. Ա.Մարտիրոսյանը որոշ փակագծեր է բացում

Ավագանու ընտրություն. Ինչո՞ւ չմիավորվեցին ընդդիմադիրները. Ա.Մարտիրոսյանը որոշ փակագծեր է բացում

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը վստահեցնում է, որ իրենք իրական, բովանադակային քայլերի կողմանկիցն են, և եթե տեսնեն, որ ցանկություն կա իրական գործընթաց ծավալելու, ապա ընտրություններից հետո հնարավոր է միավորվեն ընդդիմադիր ուժերի հետ: Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ իմիտացիոն բնույթի որևէ գործընթացի իրենք չեն մասնակցելու: Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ իրենց դաշինքը կարող է մեծամասնություն կազմել, իսկ համագործակցության դաշտը ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի հետ բաց է:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հետ չստացված համագործակցությանը, և մասնավորապես ԲՀԿ-ին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք դեմ էին ոչ միայն նրան, որ Վարդան Օսկանյանը գլխավորեր ցուցակը, այլև չէին ցանկանում ԲՀԿ առանցքը լինել, ինչպես ասել էր Նաիրա Զոհրաբյանը: «Մենք միավորված ենք քաղաքացիների, ժողովրդի մեծամասնության առանցքի շուրջ, և որևէ մեկի առանցքի շուրջ հավաքվելն անընդունելի է մեզ համար: «Բարև Երևան» դաշինքով փորձելու ենք այն, ինչ հնարավոր էր փետրվարի 18-ին, ամրագրել մայիսին 5-ի ընտրություններում»,- ասեց նա:

Ինչ վերաբերում է ՀՅԴ հետ միավորվելու ձախողմանը, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք առաջարկել են, որ ցուցակը գլխավորի ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը: «Մեր կողմից եղել է առավելագույն զիջումը, սակայն չստացվեց դա, և բնականաբար, ինչ առաջարկում էինք, իրականացրեցինք առանց ՀՅԴ-ի»,- նկատեց նա: Արմեն Մարտիրոսյանը բացեց որոշ փակագծեր, նա հայտնեց, որ առաջինը տարբերակը եղել է, որ ցուցակը գլխավորի ինքը, երկրորդը լինի Լիլիթ Գալստյանը և ամեն երրորդը՝ հասարակական դաշտի ներկայացուցիչ: «Դաշնակցության մեր գործընկերներն առաջարկեցին, որ ցուցակը գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչն անդընունելի է, քանի որ նա արդեն ընտրված նախագահ է: Հետո իրենք առաջարկեցին, որ ցուցակը գլխավորի Արմեն Ռուստամյանը, ինչն էլ անընդունելի էր մեզ համար, և որպես այլընտրանք՝ առաջարկեցինք, որ Լիլիթ Գալստյանը գլխավորի»,- ասաց նա:

Անդրադառնալով պարբերաբար հրապարակվող սոցհարցումներին, համաձայն որոնց, գործող քաղաքապետին վստահում է երևանցիների 60%-ը, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Շատ վատ սոցհարցումներ են իրականացրել, որովհետև 90% պետք է տային: Փետրվարին էլ 10 % էին տալիս Րաֆֆի Հովհաննիսյանին, ուստի նման սոցհարցումները մեկնաբանելը ժամանակավրեպ է»:

 Ուշագրավ
---