27 հոկտեմբերի 2005 - 19:52 AMT
Վ.Օսկանյան. Անկարան չունի բավական քաջություն անելու այն, ինչն ավելի լավ կլիներ հենց Թուրքիայի համար
Վարդան Օսկանյանը գերմանական «Suddeutsche Zeitung» թերթում հրապարակված հարցազրույցում «քարոզչական քայլ» է անվանել Անկարայի` անցյալը ուսումնասիրող հայ-թուրքական համատեղ հանձանաժողով ստեղծելու մասին առաջարկը: «Նախ, բոլոր ապացույցները առկա են, երկրորդը` նման հանձնաժողովը չի կարող աշխատել վակուումի մեջ: Առաջին հերթին նրանք պետք է բացեն սահամնը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատեն մեր հետ, եւ հետո միայն այդ նախաձեռնությունը իմաստ կունենա»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը: «Մենք ցանկանում ենք, որ Եվրամիությունը ստիպի Թուրքիային բացել սահմանը Հայաստանի հետ, ամրապնդի խոսքի ազատությունը, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցը հրապարակավ քննարկվի այդ երկրում»,-հավելել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Վարդան Օսկանյանը հայտարարել է. «Ես այլեւս չեմ ցանկանում մասնակցել զուտ արարողակարգային հանդիպումների, որոնք փորձում էին համոզել աշխարհին, թե Թուրքիան եւ Հայաստանը բանակցություններ են վարում, թեւ իրականում ոչինչ էլ տեղի չէր ունենում: Անկարան դեռեւս պատրաստ չէ լուրջ քայլերի, եւ դա ափսոսանքի է արժանի: Թուրքիան ենթարկվում է երրորդ երկրի շահերին: Գյուլը թերագնահատեց Բաքվի ազդեցությունը: Սակայն դա ցուցադրում է, որ Անկարան չունի բավական քաջություն անելու այն, ինչն ավելի լավ կլիներ հենց Թուրքիայի համար»: