ԿԸՀ-ն գրանցեց ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները

ԿԸՀ-ն գրանցեց ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հերթական նիստում գրանցեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության համար ներկայացված վեց կուսակցության և կուսակցությունների մեկ դաշինքի ընտրական ցուցակները:

ՀՀԿ-ն ներկայացրել է 195 թեկնածուով ցուցակ: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում 194 թեկնածու կա: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանը, Առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ընտրական ընտրական ցուցակում ընդգրկված է 41 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականներում են` Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Զոյա Թադևոսյանը և ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Օրինաց երկիր» ցուցակում ընդգրկված է 105 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականներում են` Արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը, ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանը, բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:

ՀՅԴ-ի ընտրական ցուցակում ընդգրկված է 65 թեկնածու: Ցուցակի առաջին հորիզոնականում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, փոխներկայացուցիչներ` ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը և Արսեն Համբարձումյանը։

«Առաքելություն» կուսակցության ընտրական ցուցակում 29 թեկնածու է ներկայացված: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են կուսակցության քաղխորհրդի անդամներ Մեսրոպ Առաքելյանը, Մանուկ Սուքիասյանը և Հրաչ Սարգսյանը:

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված է 64 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականներում են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, վարչության անդամ Անահիտ Բախշյանը և «Մելտեքս» ՍՊԸ տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանը։

Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին: Ընտրություններին կգործեն 464 ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---