Հայաստանի 43 պատմամշակութային վայրեր Մետաքսի ճանապարհի մաս կկազմեն

Հայաստանի 43 պատմամշակութային վայրեր Մետաքսի ճանապարհի մաս կկազմեն

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիրը» (AMAP) հայտարարեցին Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք (BSSRC) ծրագրի մեկնարկը: BSSRC-ն երկամյա նախաձեռնություն է, որը կոչված է խթանելու զբոսաշրջության զարգացումը, անդրսահմանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցքի չորս երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի 173 համայնքներում:

AMAP-ի նախագահ Ռիչարդ Նայը բացատրեց, թե ինչպես է զբոսաշրջային ուղին նշվելու, պատմամշակութային և բնության որ վայրերն են ընդգրկվելու դրանում և ինչպես է առաջիկա երկու տարիներին ծրագիրն իրականացվելու Հայաստանում:

Հայաստանյան ուղին 43 վայրեր է ներառելու Երևանում, ինչպես նաև Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:

Ասուլիսին ելույթ ունեցան Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Լաուրենտիու Հրիսթեան, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի հայաստանյան մասնաճյուղի («ICOMOS-Հայաստան») նախագահ, «Էրեբունի» թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Հայաստանում ծրագիրը ֆինանսավորում են Եվրամիության Սևծովյան համագործակցության ծրագիրը, ԱՄՆ ՄԶԳ-ն իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով և AMAP-ը՝ որպես ծրագրի գլխավոր իրականացնող: Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը և համայնքների զարգացմանը՝ զբոսաշրջային ցանցերի ստեղծման և տեղական (գյուղական) ծառայությունների ու ավանդական արտադրանքների խթանման միջոցով:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված Արժեքի շղթաներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը/բիոտեխնոլոգիաները, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---