8 նոյեմբերի 2005 - 16:46 AMT
ԵԱՀԿ ԽՎ ղեկավարը բարձր է գնահատել սահմանադրական բարեփոխումների գործընթացը Հայաստանում
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ, ԱՄՆ Կոնգրեսի անդամ Էլսի Հասթինգսին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ազգային ժողով-ԵԱՀԿ ԽՎ համագործակցության խնդիրները: Կարեւորելով հայկական պատվիրակության ակտիվ աշխատանքը` Է.Հասթինգսը շնորհակալություն հայտնեց եւ նշեց, որ իրենք ջանում են հնարավորն անել 2007-2008 թթ. ընտրությունների ժամանակ Հայաստանում ժողովրդավարության դրսեւորման լավագույն պայմանները ստեղծելու համար: «Նոյեմբերի 27-ին դուք հնարավորություն կունենաք աշխարհին ցույց տալու, որ Հայաստանը գնում է դեպի ժողովրդավարական զարգացումներ»,-հայտարարել է Է.Հասթինգսը` հաջողություններ մաղթելով սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Նա նշեց նաեւ, որ ծանոթացել է սահմանադրության փոփոխություններին եւ բարձր է գնահատում իշխանության տարանջատումը, դատական համակարգի, զանգվածային լրատվամիջոցների անկախացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը: Տարածաշրջանային խնդիրների քննարկման ժամանակ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը անդրադարձավ Հարավային Կովկասի երկրներին տարբերակված վերաբերմունք ունենալու անհրաժեշտությանը, քանի որ օբյեկտիվորեն քաղաքական զարգացումները այդ են վկայում` մասնավորապես Ադրբեջան-Կիպրոս խնդիրների պատճառով չպետք է դադար տրվի Եվրամիության ընդլայնված հարեւաններ ծրագրին, ինչը չի նպաստում տարածաշրջանում ժողովրդավարության զարգացմանը: Է.Հասթինգսը համաձայն էր այդ տեսակետին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ թրաֆիկինգին առնչվող հարցեր: Էլսի Հասթինգսի խնդրանքով ԱԺ նախագահը իրազեկեց, որ Հայաստանում թրաֆիկինգի որոշ դրսեւորումներ կան հիմնականում սոցիալ-տնտեսական պատճառներով, առաջիկայում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ` պատժամիջոցների խստացման նպատակով, որոնք կարող են դրական քայլ լինել թրաֆիկինգի տարածման կանխման դեմ, եթե լավ օրենքները նաեւ լավ կատարվեն: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ: