9 նոյեմբերի 2005 - 14:13 AMT
ԵԱՀԿ նախագահ. Մենք մոտեցել ենք ղարաբաղյան խնդրի լուծմանը
ԵԱՀԿ Գործող նախագահ եւ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դիմիտրի Ռուպելը ըստ The Wall Street Journal ամսագրում հրապարակված հոդվածի, հայտարարել է. «Եթե կայունությունն Ադրբեջանում խափանվի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կհետաձգվի անորոշ ժամանակով: Դա շատ ցավալի կլինի, հաշվի առնելով այն, թե որքան ենք մենք մոտեցել խնդրի լուծմանը»: «Ադրբեջանի կառավարությունը պատմական հնարավորություն ունի առավելագույն շահույթ ստանալ երկրի նավթային ռեսուրսներից, քանի դեռ նավթի համաշխարհային գները գտնվում են ռեկորդային բարձր նշակետում: Շուտով Ադրբեջանը կունենա գերշահույթներ, որոնք կարելի է ուղղել ենթակառույցների բարելավմանը, մարդկային ռեսուրսներում ներդրումներին եւ տնտեսության այլընտրանքային հատվածների զարգացմանը: Սակայն տնտեսական առաջընթացը երկարաժամկետ հեռանկարում անհնար է, եթե այն չի ուղեկցվում մանրազննին մտածված քաղաքական բարեփոխումներով, կայունությամբ եւ ընդհանուր անվտանգությամբ:

Ես խոսում եմ այս մասին, որովհետեւ վախենում եմ, որ Ադրբեջանում կան ուժեր, որոնք կայունությանը կգերադասեն բռնությունը` սեփական եսասիրական շահերին հասնելու համար: Միջազգային հանրությունը պետք է ապահովի ընդդիմության եւ կառավարության միջեւ, ինչպես նաեւ բուն կառավարությունում շփումների թափանցիկությունը: Ես գտնում եմ, որ երկխոսությունը մոտակա օրերին եւ շաբաթներին կհեշտանար երրորդ կողմի ներգրավման շնորհիվ: Ավելին, արդեն ժամանակն է, որպեսզի նախագահ Իլհամ Ալիեւը, որի հետ ես այս տարվա ընթացքում երկու անգամ քննարկել եմ բարեփոխումների հետ կապված հարցեր, ակտիվացնի քաղաքական եւ տնտեսական ազատականացմանն ուղղված քայլերը: ԱՀ նախագահը, որին պետք է արժանին մատուցել, արդեն շատ բան է արել: Սակայն կառավարության իշխանությունը կամրապնդվի, եթե քաղաքական գործընթացները երկրում ավելի օրինական դառնան: Դրան կարելի է հասնել բարեփոխումների ճանապարհով», - հայտարարել է Դ.Ռուպելը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: