Բաքուն կարող է Առնոլդ Շվարցենեգերի դեմ ուղղված իր բողոքը հայտնել Ջորջ Բուշին

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն դժգոհ է ամերիկյան Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերից: Բանը կարող է հասնել նրան, որ ադրբեջանական իշխանությունները նրա դեմ իրենց բողոքը հայտնեն Ջորջ Բուշին: Նրանց մտահոգությունն է առաջացրել ամերիկյան քույր-քաղաքների ծրագիրը, որի շրջանակներում ամերիկյան Մոնթեբելլո քաղաքը մտադիր է սերտորեն համագործակցել Ստեփանակերտի հետ: «Իրադարձությունների նման ընթացքը կարող է հեշտությամբ խախտել բանակցային գործընթացի խախուտ հավասարակշռությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, դանդաղեցնել այն կամ վերջնականապես խզել»: Այս խոսքերով է դիմել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւը նախկին կուլտուրիստ եւ Հոլիվուդի աստղ, այժմ Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին: «Դուք պետք է իմանաք, որ այդ քաղաքը Լեռնային Ղարաբաղի անջատողականների վարչական կենտրոնն է, որից բռնի կերպով տարհանվել են ոչ հայազգի տեղաբնակները: Այդ քաղաքը չի կարող որպես հայկական ներկայացվել»,-ասված է ադրբեջանցի դիվանագետի խոսքում: Սակայն, Կալիֆորնիայի վարչակազմը Փաշաեւի դիմումին ի պատասխան հաղորդել է, որ չի զբաղվում նման հարցերով եւ խնդրել է դիմել անմիջապես Ստեփանակերտի քույր-քաղաքի քաղաքապետ Բիլլ Մոլինարիին: Մոնթեբելլոի քաղաքապետի պատասխանը միանշանակ էր: «Քաղաքը կշարունակի բարեկամական հարաբերությունները Ստեփանակերտի հետ»,-ասել է Մոլինարին:



Պաշտոնական Բաքուն գնահատում է Շվարցենեգերի անգործությունը որպես «իր կարծիքը ԱՄՆ պաշտոնական տեսակետին հակադրելու փորձ»: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդին Միրզազադեն հայտարարել է, որ ինքը «զարմացած է Շվարցենեգերի վերաբերմամբ այդ խնդրին: Որպես այն նահանգի նահանգապետ, որի տարածքում է գտնվում քույր-քաղաքը, Շվարցենեգերը պետք է քաղաքական գնահատական տար Մոնթեբելլոի քաղաքապետի գործողություններին»: Ի պատասխան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչ եւ Կալիֆորնիայի նահանգում քույր-քաղաքների ծրագրի կազմակերպիչ Սերժ Սամոնյանցը հայտարարել է, որ ԱՄՆ-ն երբեք չի ասել, թե Լեռնային Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին: «Ադրբեջանական իշխանությունները ուշադրություն չէին դարձնում հայերով բնակեցված տարածքներին, թույլ չէին տալիս կիրառել հայոց լեզուն, փակում էին հայկական դպրոցներրը եւ խլացնում էին հայկական ռադիոալիքները: Նրանք ստիպեցին հայերին լքել Ադրբեջանը»,-ասել է Սամոնյանցը: Ինչպես հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության եւ մամուլի բաժնի վարիչ Թաիր Թագիզադեն, այդ գերատեսչությունը աշխատանք է կատարում այդ ուղղությամբ: «Նման հայտարարություններն ու արտահայտությունները անջատողականների հետ համագործակցության վերաբերյալ անթույլատրելի են»,-ասել է Թագիզադեն, հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---