Զբոսաշրջության զարգացումը Հայաստանի անազատ օդային տարածքում

Զբոսաշրջության զարգացումը Հայաստանի անազատ օդային տարածքում

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է երկօրյա «Ներդաշնակեցում և ճամփորդության ու զբոսաշրջության վերաբերյալ եվրոպական օրենսդրության առանցքային հայեցակետեր. Դասեր Հայաստանի համար» միջազգային համաժողովը: Միջոցառման կազմակերպիչներն են ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը (EDMC / USAID), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) և Ճամփորդության և զբոսաշրջության հարցերով իրավաբանների միջազգային ֆորումը (IFTTA): Հարկ է նշել, որ համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև IFTTA եվրոպական տարածաշրջանի գարնանային նստաշրջանը:

Համաժողովին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել IFTTA նախագահ Մայքլ Վուկոսիչը, 28 երկրների առաջատար իրավաբաններ, այդ թվում Ավստրիայից, Բելգիայից, Բրազիլիայից, Ֆինլանդիայից, Վրաստանից, Գերմանիայից, Իռլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Մալթայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն զբոսաշրջության ոլորտի օրենքները, հատկապես՝ Հայաստանին առնչվող օրենսդրական խնդիրները, որպեսզի հնարավոր լինի խուսափել այն բարդություններից, որոնք եղել են այլ երկրներում ներքին օրենսդրությունը ԵՄ ընդհանուր նորմատիվային դաշտին ներդաշնակեցնելու ընթացքում:

Զբոսաշրջության զարգացումը մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի առջև և հանդիսանում է գերակա ուղղություններից մեկը երկրի էկոնոմիկայի զարգացման համար: «ԱՄՆ կառավարությունը և ԱՄՆ ՄԶԳ-ն կարևորում են զբոսաշրջության զարգացումը Հայաստանում, նոր աշխատատեղերի ստեղծումը հատկապես մարզերում, հարուստ պատմամաշկության ժառանգության ներկայացումը»,-իր բացման խոսքում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Սակայն, ըստ նրա, ոլորտի զարգացման համար «մարդիկ են պետք, որոնց ժամանումը Հայաստան գիշերվա 4-ին չի լինի«: Դեսպանը նշել է, որ բարձր գները, մրցակցության բացակայությունը ավիացիոն ոլորտում խոչընդոտում են, որ Հայաստանը տարանցիկ երկիր դառնա: «ԱՄՆ կառավարությունը պատրաստ է աջակցել Հայաստանին օդային սահմանների ազատականացման հարցում»,-հայտարարել է նա: Ընդ որում Հեֆերնը նշել է, որ ԱՄՆ շահն այն չէ, որ ամերիկյան ավիափոխադրողներ գան Հայաստան, թեև նա ուրախ կլիներ, այլ այն է, որ զարգանա երկրի տնտեսությունը ի շահ նրա ժողովրդի:

Այնուամենայնիվ, ոլորտի բարեփոխման անհրաժեշտությունը գիտակցում են ինչպես երկրի իշխանությունները, այնպես էլ ժողովուրդը: «Ուժեղ կողմն այն է, որ կա փոխըմբռնում զբոսաշրջության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ»,-ասել է EDMC / USAID խմբի ղեկավար, IFTTA պատվավոր նախագահ Ջոն Դաունը: Նա նշել է, որ ոչ միայն Հայաստանում, այլ ցանկացած այլ զարգացող երկրում զբոսաշրջությունը կարող է լավ գործիք հանդիսանալ էկոնոմիկայի զարգացման համար, իսկ Հայաստանի համար հարկավոր է մշակել զարգացման հատուկ մոդել: Ջոն Դաունն առաջարկում է ներմուծել զբոսաշրջային ծառայությունների տեղային փաթեթ, որպեսզի ժամանող զբոսաշրջիկը զգա Հայաստանի «համն ու հոտը», ինչպես նաև նպատակային աշխատել այն զբոսաշրջիկների հետ, որոնք կարող են երկրում թողնել իրեցն գումարները:

Այսպիսով, երկրի առջև խնդիր է դրված հստակեցնել խաղի կանոնները, որին էլ ուղղված էր այս համաժողովը: Ինչպես ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, Հայաստանը վերջին տարիներին աշխատում է ինտեգրվել զբոսաշրջության միջազգային գործընթացներին, բարձրացնելու համար երկրի ճանաչվածության մակարդակը: Իսկ նմանատիպ միջոցառումների անցկացումը տարածաշրջանային ու միջազգային մակարդակներով կնպաստի այդ գործընթացին, իսկ իրավական կանոնակարգման հարցերի լուծումը թույլ կտա խոսել միասնական դաշտում»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---