28 նոյեմբերի 2005 - 20:09 AMT
Հայաստանն ու ԵՄ-ն հուսով են, որ կարճ ժամանակում կհաջողվի ավարտել Գործողությունների ծրագրի մշակումը
«Այս օրը կարեւորվում է եվրաինտեգրման ճանապարհին կանգնած Հայաստանի համար: Դեռեւս 2004 թվականին Հայաստանը, հարավկովկասյան տարածաշրջանի մյուս երկու երկրների հետ, ընդգրկվել է Եվրամիության կողմից իրականացվող Եվրոպական հարեւանության քաղաքականության մեջ»,-հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը Հայաստան-ԵՄ բանակցությունների ավարտին կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ Ա.Բայբուրդյանի, այդ ընթացքում եւ Հայաստանը, եւ Եվրամիությունը պատրաստվում էին համատեղ Գործողությունների ծրագրի մշակմանը: «Այսօր տեղի է ունեցել բանակցությունների առաջին փուլը, երբ մենք համատեղ փորձում էինք մշակել ընդհանուր տեքստը, որը հիմք կծառայի Գործողությունների ծրագրի համար»,-ասել է նա:

Հայաստանի ԱԳ փոխնախարարը նշել է, որ Հայաստանում վաղուց էին սպասում Եվրահանձնաժողովի պատվիրակությանը եւ հայտնի պատճառներով որոշ ժամանակով բանակցությունները հետաձգվեցին: Նրա խոսքերով, «այսօրվա հանդիպումը նշանակում է գործընթացի սկիզբ, եւ երկու կողմերն էլ տրամադրված են կարճ ժամանակում մշակել Գործողությունների ծրագիր»: Ա.Բայբուրդյանը նշել է, որ Ծրագրի մշակման հետ Հայաստանի առջեւ կբացվեն նոր հնարավորություններ եւ, առաջին հերթին, դա ելքն է դեպի եվրոպական ներքին շուկա: «Այս փաստաթուղթը նաեւ կարեւոր խթան է Հայաստանում իրականացվող եւ ապագայում կատարվելիք բարեփոխումների համար»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը: Նա բարձր է գնահատել բանակցությունները եւ դրանց արդյունքները, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնել պատվիրակության նախագահ Կուրտ Յուուլին եւ պատվիրակության բոլոր ներկայացուցիչներին կառուցողական աշխատանքի համար: Բացի այդ, Ա.Բայբուրդյանը հաղորդել է, որ կողմերը եկել են համաձայնության գրեթե բոլոր հարցերի շուրջ, եւ մնացել են միայն մի շարք հարցեր, որոնք լրամշակման եւ ճշգրտման կարիք ունեն, ինչը կարվի բանակցությունների հաջորդ փուլի ընթացքում: