
Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական միջոցառումը:
Քաղաքապետ Բերտրան Դըլանոեն հանդես եկավ բացման խոսքով՝ նշելով, որ ժխտողականության դեմ պայքարը հաջողությամբ պետք է պսակվի և Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը պետք է վերջապես ընդունվի: Փարիզի քաղաքապետը ընդգծեց հայկական արմատներ ունեցող փարիզցիների անգնահատելի դերը քաղաքի պատմության ընթացքում, մասնավորապես՝ Փարիզի ազատագրման համար պայքար մղած Միսաք Մանուշյանի խմբի ներդրումը՝ որպես հայ-ֆրանսիական եղբայրության պատմական կարևոր դրսևորումներից մեկը:
Քաղաքապետի ելույթին հաջորդեցին Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհրդի համանախագահներ Ֆրանկ Փափազյանի և Արա Թորանյանի ելույթները: Վերջիններս վերստին բարձրաձայնեցին Մեծ Եղեռնից մազապուրծ եղած հայերի սերունդների` Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու պահանջն ուղղված Ֆրանսիայի բարձրագույն իշխանություններին: Խորհրդի կողմից արիության մեդալ շնորհվեց միջոցառմանը ներկա թուրք մտավորական Էրոլ Օզկորային` Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի համար:
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով Փարիզի քաղաքապետին Հայկական հարցի նկատմամբ իր հանձնառության և այս ամենամյա նախաձեռնության համար՝ Հայաստանի դեսպանը նշեց, որ 98 տարի անց Հայոց Ցեղասպանության վերքերը թարմ են և նույնիսկ էլ ավելի են խորանում` Թուրքիայի կողմից մինչ օրս շարունակվող կույր ժխտողականության պատճառով:
«Առանց անցյալը հիշելու, անհնար է կառուցել ապագան, քանի որ ապագան խախուտ է, երբ հիմնված է անցյալը ժխտելու, այլ ոչ թե գիտակցելու ու դասեր քաղելու վրա»,-նշեց դեսպան Չիտեչյանը և հավելեց, որ հարատև խաղաղ համակեցության համար նախևառաջ անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան ունենա բավարար կամք առերեսվելու պատմական իրողությանը՝ հետևելով թուրք առաջադեմ մտավորականների խորհրդին:
Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հայտնի անհատներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: