Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի միջոցառումները Ռումինիայում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի միջոցառումները Ռումինիայում

PanARMENIAN.Net - Ապրիլյան այս օրերին Ռումինիայի մի շարք քաղաքներում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցում են հարյուրավոր ռումինահայեր, ռումինական օրենսդիր և տեղական մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական կուսակցությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, համալսարանականներ և ուսանողներ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ապրիլի 24-ին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում կատարվել է հիշատակի հոգեհանգիստ, որտեղ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի կողքին ներկա էին ռումին ուղղափառ, կաթոլիկ, ղպտի ուղղափառ և կալվին բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ: Հոգեհանգստի ավարտին Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի և Ռումինիայի Հայոց միության կողմից ծաղկեպսակներ են դրվել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանի մոտ: Ընթերցվել է Ռումինիայում ՀՀ դեսպանի խոսքը: «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա հետևանքների վերացման մերժումն այսօր լուրջ սպառնալիք է Հայաստանի և հայ ժողովրդի համար, որովհետև ցեղասպանության կործանարար հետևանքները կրել և կրում են ոչ միայն վերապրածները և նրանց ժառանգները, այլև ողջ հայ ժողովուրդը և Հայաստանը »,- նշել է Հայաստանի դեսպանը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր այն կառավարություններին և խորհրդարաններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և շարունակում են պայքար մղել մարդատյացության և ռասիզմի ցանկացած դրսևորումների դեմ:

«Միաժամանակ մենք ողջունում ենք միջազգային ընտանիքի այն քաղաքական և հասարակական շրջանակներին, պատմաբաններին, հետազոտողներին, գրողներին, լրագրողներին, արտիստներին, ովքեր գիտակից այս հարցի լրջությանը և կարևորությանը, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում և արդարություն պահանջում: Ողջունում ենք հատկապես թուրք հասարակության մեջ օրեցօր ավելի բարձր հնչող կոչերին` շիտակորեն վերանայելու սեփական երկրի պատմությունը և շուռ տալու այդ սև էջը: Մենք գտնում ենք, որ դա է հաշտեցման միակ ճանապարհը, այլ ոչ թե ստի և կեղծիքի քաղաքականությունը, հակահայ քարոզչական բլոկների ստեղծումը, որի միակ հետևանքը կարող է լինել հայ և թուրք ժողովուրդների միջև անջրպետի խորացումը և մեր չափազանց զգայուն տարածաշրջանի ապագայի վտանգումը»,- եզրափակել է դեսպան Գասպարյանը: Արարողությունից հետո տեղի է ունեցել արտոնված երթ, որի ընթացքում ռումինահայերը Հայաստանի դրոշներով և ցեղասպանությունը դատապարտող պաստառներով շարժվել են դեպի Բուխարեստի կենտրոն` Հեղափոխության հրապարակ, հավաքվածներին և անցորդներին բաժանելով ցեղասպանության մասին պատմող նյութեր: Ներկաներին իրենց խոսքն են ուղղել Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիկոպոս Հակոբյանը, Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի հունական միության պատագավոր Դրագոշ Գաբրիել Զիսոպոլը և Սուչավայի համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Պոպովիչը:

Բուխարեստյան միջոցառումները եզրափակել է Հայոց Միության մշակույթի կենտրոնում կազմակերպված հիշատակի երեկոն, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:

Ապրիլի 23-ին Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը: Փամբուկչյանի հայտարարությանը հետևել էր նիստը վարող Պատգամավորների պալատի փոխնախագահ Էդուարդ Հելվիգի դրական արձագանքը:

Ապրիլի 24-ին ռումինական TVR1 հանրային հեռուստաալիքը հեռարձակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ծավալուն թողարկում Արարատ հանդեսի խմբագիր Էդուարդ Անտոնյանի և Կարապետ Խաչատուրյանի մասնակցությամբ` ուղեկցված փաստավավերագրական նյութերի ներկայացմամբ:

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Բոտոշան, Բակաու, Յաշ, Կլուժ, Գեռլա և Դումբրավեն քաղաքներում:

Կոնստանցայում կազմակերպված հոգեհանգստի արարողությանը հայ համայնքի կողքին ներկա էին նաև լեհական և գերմանական համայնքային կառույցների ներկայացուցիչները, Ռումինիայի հունգարացիների դեմոկրատական միություն կուսակցության տեղի մասնճյուղի ղեկավարները: Հաջորդած հիշատակի երեկոյին, որի ժամանակ ելույթ է ունեցել Ռումինիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, տեղի է ունեցել ռումինահայ գրող Վարդան Առաքելյանի «Պատմությունը և իր ուրվականները. Հայկական հարցը ռումինական դիվանագիտական արխիվներում» գրքի շնորհանդեսը և «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմի ցուցադրությունը:

Բակաու քաղաքում ապրիլի 22-28-ը ընթացող «Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շաբաթի» շրջանակներում կազմակերպվել են գրքերի, հանդեսների և լուսանկարների ցուցադրություն, «Հայոց ցեղասպանություն. դարպասներ դեպի անհայտություն» խորագրով գրաֆիկական և այլ աշխատանքների մրցույթ-ցուցահանդես:

Կլուժ քաղաքում անցկացված հիշատակի երեկոյին ելույթ է ունեցել Կլուժի ազգագրական թանգարանի տնօրեն Թեոդոր Սալաջեանը: Երեկոն շարունակվել է Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված դասական համերգով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---