Ընտրությունների օրը Երևանում իրավական շտապ օգնության մեքենաներ կաշխատեն

Ընտրությունների օրը Երևանում իրավական շտապ օգնության մեքենաներ կաշխատեն

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության հետ համագործակցությամբ, իրականացնում է «Երևանի ավագանու ընտրություններ - 2013» իրավական նախաձեռնությունը, որի նպատակն է պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ընտրական գործընթացում: Ծրագիրը կգործի մեկ ամիս՝ ապրիլի 15-ից մինչև մայիսի 15–ը։

Նախաձեռնության շրջանակներում գործում է թեժ գիծը՝ 080-080-804 համարով, որը տրամադրում է անվճար իրավաբանական աջակցություն ընտրություններին առնչվող ցանկացած հարցով և որը կարձագանքի ընտրական իրավունքի խախտումների դեպքում։

Քվեարկության օրը՝ մայիսի 5-ին, գործելու են իրավական շտապ օգնության 10 մեքենաներ` լրագրողի, դիտորդի և փաստաբանի կազմով։ Մեքենաները կշրջեն Երևանի ողջ տարածքով և, անհրաժեշտության դեպքում, կարձագանքեն թեժ գծին ստացված ահազանգերին։

Այս տարի Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կիրականացնի նաև դիտորդություն մայրաքաղաքի Ավան թաղամասում։

Քվեարկության ընթացքին և խախտումներին վերաբերող տեղեկություններին հնարավոր կլինի հետևել www.hra.am կայքէջում՝ մշտապես թարմացվող լրահոսի միջոցով:

«Երևանի ավագանու ընտրություններ 2013» իրավական նախաձեռնությունը քաղաքականապես չեզոք է և պատրաստ է հավասարապես աջակցել ընտրական գործընթացներում ներգրավված ցանկացած անձի, ում իրավունքները խախտվել են։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---