7 դեկտեմբերի 2005 - 17:29 AMT
Պաշտոնապես հրապարակվել է Հայաստանի բարեփոխված Սահմանադրության տեքստը
«Պաշտոնական տեղեկագրի» հերթական համարում հրապարակվել է բարեփոխված ՀՀ Սահմանադրության տեքստը, որի փոփոխություններն ընդունվեցին նոյեմբերի 27-ին կայացած հանրաքվեում: Ինչպես այսօր հայտարարել է Հայաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի (ԿԸՀ) մամլո քարտուղար Ծովինար Խաչատրյանը, հնարավոր բողոքները եւ դիմումները հանրաքվեի արդյունքների վերաբերյալ պետք է ներկայացվեին հանրաքվեի անցկացումից հետո 7 օրվա ընթացքում: Նրա խոսքերով, Հայաստանի Սահմանադրական Դատարանը նման բողոքներ եւ դիմումներ չի ստացել: Հայաստանի ՍԴ փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանը հաստատել է այն փաստը, որ հանրաքվեի անցկացումից հետո 7 օրվա ընթացքում Սահմանադրական Դատարանը հանրաքվեի արդյունքները վիճարկող դիմումներ չի ստացել: Նրա խոսքերով, Սահմանադրության ուղղումներն արդեն մտել են ուժի մեջ, եւ դրանց բովանդակությունը բողոքարկման ենթակա չէ», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: