12 դեկտեմբերի 2005 - 18:35 AMT
Երեւանում ստորագրվել է 2006 թվականի համագործակցության ծրագիր Հայաստանի եւ Բելառուսի ՊՆ-ի միջեւ
Այսօր Երեւանում Հայաստանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարներ Սերժ Սարգսյանը եւ Լեոնիդ Մալցեւը ստորագրել են 2006 թվականի համագործակցության ծրագիր երկու երկրների ՊՆ-ի միջեւ: Ինչպես հաղորդել է փաստաթղթի ստորագրության արարողությունից հետո Սերժ Սարգսյանը, այսօր տեղի է ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրուցյը, ինչպես նաեւ հայկական եւ բելառուսական պատվիրակությունների բանակցություններն, ուղղված համագործակցության խորացմանը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով: «Այսօր մենք ստորագրել ենք 2006 թվականի համագործակցության ծրագիրը, որը նախատեսում է մի շարք միջոցառումների անցկացում տարբեր ոլորտներում եւ հուսով եմ, որ 2006-ի վերջում 2007-ի սկզբում մենք առավել մեծ առաջընթաց կգրանցենք մեր հարաբերություններում»,-ավելացրել է Ս.Սարգսյանը: ՀՀ պաշտպանության գերատեսչության ղեկավարը գնահատել է հայ-բելառուսական ռազմական հարաբերությունները որպես դինամիկ զարգացող ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: Պատասխանելով համագործակցության կոնկրետ ոլորտների մասին հարցին` Ս.Սարգսյանը նշել է.«Ոլորտները շատ տարբեր են, կոնկրետ ինձ հետաքրքրում են այն ոլորտները, որոնք ուղղված են ԶՈՒ հզորության հզորացմանն ու Հայաստանի բանակի ռազմական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական ոլորտները»:

Անդրադառնալով Հայաստանի բանակի բարեփոխմանը` ՀՀ ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ Բելառուսի փորձն այդ ոլորտում կարող է շատ օգտակար լինել Հայաստանի համար: «Ինչպես ավելի վաղ նշել էր Լեոնիդ Մալցեւը, բարեփոխում չի նշանակում կրճատում: Ելնելով այսօրվա իրողություններից, հարեւան երկրների հետ հարաբերություններից, մենք կշարունակենք մեր բանակի բարեփոխումը: Այդ քայլերը պետք է ուղղված լինեն բանակի մարտունակության եւ մարտական պատրաստվածության ամրապնդմանը»,-նշել է Ս.Սարգսյանը: Նրա խոսքերով, Հայաստանի համար օգտակար է Բելառուսի փորձը նաեւ եղած սպառազինության արդիականացման ոլորտում: Ընդ որում, Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը նշել է, որ Երեւանի եւ Մինսկի միջեւ ստորագրվել է շուրջ 30 պայմանագիր ռազմական ոլորտում: Նրա խոսքերով, այդ իրավական դաշտը թույլ կտա լիարժեք համագործակցել նաեւ ապագայում:

Իր հերթին, Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցեւը նշել է, որ բանակցությունները հայ գործընկերների հետ հաջող են անցել: Նրա կարծիքով, բանակցությունների հաջող անցկացումը համոզվածություն են ներշնչում հայ-բելառուսական ռազմական համագործակցության հետագա զարգացման հարցում: Նրա խոսքերով, հարաբերությունները երկու երկրների միջեւ ռազմական ոլորտում կայուն կերպով զարգանում են եւ ուղղված են Հայաստանի եւ Բելառուսի անվտանգության ամրապնդմանը: Նա հատկապես առանձնացրել է համագործակցության ռազմատեխնիկական եւ կադրերի պատրաստման ոլորտը, որոնք նպաստում է երկու երկրների ԶՈՒ մարտունակության բարձրացմանը: «Կարեւոր չէ, թե ինչ ձեւաչափով ենք մենք համագործակցում` երկկողմ, թե ՀԱՊԿ կամ ԱՊՀ շրջանակներում: Կարեւոր է այն, որ այդ համագորածցությունը նպաստավոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Բելառուսի համար»,-ընդգծել է Լեոնիդ Մալցեւը: