Ավագանի չանցած ուժերի հետագա ճակատագիրը. Ի՞նչ անելիք ունեն ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը

Ավագանի չանցած ուժերի հետագա ճակատագիրը. Ի՞նչ անելիք ունեն ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրությունները քաղաքականացնելու ընդդիմության առաջ դրված խնդիրը իրականացնել չստացվեց: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման դիտարկում արեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ամփոփելով ընտրությունների արդյունքները, նա նշեց, որ ամենամեծ թվով ձայներ ստացած ուժի` Հանրապետական կուսակցության և նրա ցուցակի առաջին համար Տարոն Մարգարյանի վարկանիշները համեմատաբար մոտ էին իրար: «Տասը ընտրողից բոլորը գիտակցում են, որ պետք է ընտրեն մի քաղաքապետ, ով տնտեսագետ է, ոչ թե քաղաքական գործիչ»,- ասաց նա:

Ավագանի անցած երկրորդ ուժը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերականգնել է իր ընտրազանգվածը, և, ըստ սոցիոլոգի, հարց է, թե ինչ ճանապարհով է դա արել:

Անդրադառնալով «Բարև Երևան» դաշինքի հավաքած 8.48% ձայնին, սոցիոլոգը նշեց, որ դաշինքը նախաձեռնած «Ժառանգություն» կուսակցությունը, փաստորեն, պահպանել է իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի 8% վարկանիշը, ինչը նրա անձնական վարկանիշն է և վերջին տարիներին չի փոխվում։ «Նախագահի ընտրություններում նրա գրանցած ցուցանիշները կամ բախտի բերումով էին ստացվել, կամ ճակատագրի հեգնանք էին»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանի չանցած ուժերին, ապա, ըստ Ահարոն Ադիբեկյանի, «Օրինաց երկիր» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները պետք է մտածեն իրենց ապագայի մասին. «ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի նման կուսակցությունները հզորանում են՝ համագործակցելով իշխանության հետ, կուտակելով ռեսուրսներ, հետո նրանք կարողանում են ինքնուրույն դուրս գալ պայքարի և տապալվում են»:

Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ «Հայ ազգային կոնգրես» դաշինքը կուսակցության վերափոխվելով վերածվել է «Հայոց համազգային շարժում» կուսակցության և անդառնալիորեն կորցրել իր նկատելի դերը. «Հարց է, թե ինչ միջոցներով նրանք կարող են վերադառնալ քաղաքական ասպարեզ, և միակ բանն այն է, որ ԱԺ-ում դեր ունեն»:

 Ուշագրավ
---