ՀԱԿ ակտիվիստների գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան` նոր քննության

ՀԱԿ ակտիվիստների գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան` նոր քննության

PanARMENIAN.Net - Վճռաբեկ դատարանը, քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի նախագահությամբ, ՀԱԿ ակտիվիստների փաստաբանների ներկայացված բողոքը մասնակի բավարարվեց: Գործն ուղարկվել է Վերաքննիչ դատարան` նոր քննության: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ակտիվիստներից Սարգիս Գևորգյանն ասաց.«Միանշանակ բավարարված չենք այս վճռով: Մեր գործն ի սկզբանե սարքած էր, քաղաքական էր: Իսկ հիմա, երբ ընտրություններից հետո իշխանությունը նորիս հաստատեց իր դիրքերը, դատական այս գործընթացն օգտագործում է որպես լծակ ընդվզման պատրաստ երիտասարդների դեմ»:

Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, 2012թ. նոյեմբերի 13-ին մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի բողոքները: Այսպիսով դատարանը օրինական ուժի մեջ էր թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման: ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները մեղադրվում են 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանների հետ միջադեպի գործով: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, Արտակ Կարապետյանը խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը խուլիգանության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---