Ա.Բաղդասարյան. Ցանկացած հակամարտություն պետք է կարգավորվի փոխզիջումների հիման վրա

PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) տարածաշրջանում հակամարտությունների, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտ ստեղծել հակամարտող կողմերի հասարակությունների միջեւ: Այդ մասին Երեւանում դեկտեմբերի 17-ին ՍԾՏՀԿ երկրների ոչ կառավարական կազմակերպությունների երկրորդ տարածաշրջանային համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նրա խոսքերով, հակամարտությունների կարգավորման համար անհրաժեշտ են հասարակական ինստիտուտների հանդիպումներ տարբեր մակարդակներով: Հաշվի առնելով գլոբալիզացիայի գործընթացները, ցանկացած հակամարտություն պետք է կարգավորվի փոխզիջումների հիման վրա»,-նշել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը: Ա.Բաղդասարյանը հատկապես կարեւորել է հասարակական կազմակերպությունների գործունեությունը քաղաքացիական հասարակության կայացման եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում: «Հայաստանը նախագահում է ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովում եւ կարեւորում է միջազգային մակարդակի նման միջոցառումների անցկացումը Երեւանում»,-հայտարարել է Բաղդասարյանը` տեղեկացնելով, որ 2006 թվականի հունիսին Հայաստանում տեղի կունենա նաեւ ՍԾՏՀ ԽՎ նիստը:



«Տնտեսություն 2000» բուլղարական ակումբի նախագահ Պոբեդա Լուկանովան նշել է, որ հակամարտությունների կարգավորմանը կարող է նպաստել անդրսահմանային գործակցությունը, իսկ ոչ կառավարական կազմակերպությունները պետք է կազմակերպեն հանրության տարբեր խավերի ներկայացուցիչների հանդիպումներ: «Նման համագործակցություն կա արդեն Ռումինիայի, Բուլղարիայի, Սերբիայի, Մակեդոնիայի, Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ, եւ այն տալիս է իրական արդյունքներ: Այդ մեթոդը կարող է կիրառվել նաեւ Կովկասում»,-հայտարարել է Լուկանովան, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---