Պան Գի Մունը կոչ է անում միավորել տարբեր սերունդների մարդկանց

Պան Գի Մունը   կոչ է անում միավորել տարբեր սերունդների մարդկանց

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ընտանիքների միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Ընտանիքները միավորում են հասարակություններ, իսկ սերունդների միջև կապը ժամանակի ընթացքում ընդարձակում է այս ժառանգությունը: Այս տարի Ընտանիքների միջազգային օրը առիթ է տոնելու ընտանիք կազմող համաստեղության բոլոր անդամների միջև կապերը: Սա նաև հնարավորություն է մտորելու այն մասին, թե ինչպես են սոցիալական և տնտեսական միտումներն անդրադառնում ընտանիքների վրա և թե, ի պատասխան դրան, ինչ կարող ենք անել ընտանիքների ամրապնդման համար:

Գործազրկությունը ստիպում է շատ երիտասարդների, ովքեր հաճախ ձգտում են անկախության, ապավինել իրենց ծնողներին ավելի երկար, քան կցանկանային: Այն ընտանիքներում, որտեղ ծնողներից երկուսն էլ աշխատում են, երեխաների մատչելի և որակյալ խնամքի բացակայությունը դժվարացնում է ծնողների ջանքերը՝ համատեղել իրենց աշխատանքը և տնային պարտականությունները: Անբավարար կենսաթոշակները և տարեցների խնամքը պահանջում են ավելի մեծ ուշադրություն, որպեսզի հաջողությամբ պսակվի նրանց կյանքը երկարացնելու մեր նպատակը:

Այս մարտահրավերներն այժմ, քան երբևէ, ընտանիքի աջակցությունն ավելի են կարևորում այն երիտասարդի համար, ով, ապրելով ծնողների հետ, աշխատանք է փնտրում, այն տատիկ-պապիկի համար, ովքեր ապաստանի և խնամքի համար ապավինում են իրենց երեխաներին, ինչպես նաև այն բազմանդամ ընտանիքների համար, ովքեր ստանձնում են երեխաների խնամքի պատասխանատվությունը:

Ամբողջ աշխարհում ընտանիքի անդամները կատարում են իրենց պարտականությունները: Նրանք արժանի են աջակցության քաղաքական գործիչների և որոշում կայացնող անձանց կողմից, պետական հաստատությունների և մասնավոր ձեռնարկությունների կողմից:

Ամբողջ աշխարհում աճող համոզմունք կա, որ մենք պետք է ուժեղացնենք այն քաղաքականությունները, որոնք նպաստում են միջսերնդային միասնությանը և աջակցում միջսերնդային ծրագրերին և նախաձեռնություններին: Փորձը ցույց է տալիս, որ բավարար կենսաթոշակները և խնամակալի աջակցությունը օգնում են ոչ միայն տարեցներին, այլև ողջ ընտանիքին: Երիտասարդների և տարեցների շրջանում կամավորությունը խթանող միջսերնդային ծրագրերն անհրաժեշտ են բոլոր սերունդներին: Տարբեր տարիքի մարդկանց միավորելու հնարավորությունը ամբողջ համայնքներ է վերակենդանացնում:

Միջսերնդային նախաձեռնությունները նաև ուղղված են գլոբալ զարգացման առաջնահերթություններին: Դրանք հակազդում են անհավասարությանն ու մերժմանը, խրախուսում ակտիվ քաղաքացիությունը և նույնիսկ բարելավում են հանրային ենթակառուցվածքները համայնքային ծրագրերի միջոցով:

Ընտանիքների միջազգային օրվա կապակցությամբ ես կոչ եմ անում կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը, ընտանիքներին և անհատներին օժանդակել այն նախաձեռնությունները, որոնք միավորում են տարբեր սերունդների մարդկանց՝ բոլորի համար ավելի առողջ աշխարհ կառուցելու ճանապարհին»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---