20 մայիսի 2013 - 14:30 AMT
Վարչապետը՝ Վահան Հովհաննիսյանին. Մենք մի նավի վրա ենք

ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկյացրեց կառավարության ծրագիրը, որից հետո պատգամավորները նրան հարցեր ուղղեցին: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ վարչապետը շատ թեթև քննադատեց կառավարությանը, խոսեց պատասխանատվութան մասին և փորձեց ճշտել՝ նախորդ թերացումների համար, ո՞վ է պատասխանատվություն կրել, որ ԱԺ-ն իրավունք ունենա հավատալու, որ առաջիկայում սխալ քաղաքական կուրսի համար ինչ-որ մեկը պատասխան է տալու: «Մենք ոչ մի անգամ չենք տեսել նման բան»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Պատգամավորը նաև նկատեց, որ վարչապետը հեղափոխություն և մեծ բարեփոխումներ խոստացավ. «Ռեֆորմն ուղղակիորեն աղերսվում է իշխանափոխության հետ, եթե իրականացնողը պատրաստ չէ այն բանին, որ կարող է իշխանություն կորցնել, դա չի լինում, իսկ ձեր քաղաքական կրեդոն այն է, որ երբեք իշխանությունը զիջելու պատրաստ չեք, ինչո՞ւ պետք է հավատանք, որ դուք կանեք այդ ռեֆորմները»:

«Եթե օբյեկտիվ լինենք, պետք է դիտարկենք մեր անկախ պետության տարիների փորձը և պետք է տեսնենք, թե որ քաղաքական ուժն ինչ պատժամիջոցներ է կիրառել իր անդամների նկատմամբ: Սոցիալական ոլորտում խոշոր բացահայտումներ եղան: Դուք տեղյակ եք, որ մեր կուսակցության անդամը այսօր ձերբակալված է և քրեական գործ է հարուցված, նմանատիպ օրինակ ունենք ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ: Ես հասկանում եմ, որ մեզանից ավելի վճռական գործողություններ են սպասվում, բայց ձեր քննադատություններում երբեմն պոպուլիզմ կա, որը նաև վտանգավոր է»,- պատասխանեց վարչապետը:

Նա նկատեց, որ քաղաքական կուսակցությունն ի սկզբանե չպետք է պլանավորի, թե ինչպես է զիջելու իշխանությունը, մինչդեռ ցանկացած քաղաքական ուժ ձգտում է անել ռեֆորմներ, որ նորից վստահության քվե ստանա: «Մենք մի նավի վրա ենք, ճիշտ ուղին խնդիրները լուծելու համագործակցության ուղին է»,- ասաց նա:

«Դուք ձեզ դուրս եք դրել մրցակցությունից, իսկ մեզ ասում եք՝ մրցակցեք»,- Վահան Հովհաննիսյանի խոսափողն անջատվեց և վերջին բառերը չլսվեցին: