Ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք

Ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին, Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած Եվրոպայի օրվա ցուցահանդեսին մասնակցեց նաև ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցող «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ–ն: Եվրոպական միության աջակցությամբ այն իրականացնում է երկու ծրագիր՝ «Հարավային Կովկասի երկրներում և Ռուսաստանի Դաշնությունում ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ու ազդեցության նվազեցմանն ուղղված երկրների համագործակցություն» ծրագիրը «Վորլդ Վիժն Հայաստան»-ի, և «Ուժեղ հանրույթ գործընկերության միջոցով» ծրագիրը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միության հետ համատեղ:

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի ներկայացուցիչները, «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» խորագրի ներքո կոչ էին անում անցորդներին և ցուցահանդեսի մասնակիցներին հետազոտվել: Նրանք տեղեկատվություն տրամադրեցին ՄԻԱՎ վարակի, փոխանցման ուղիների մասին, նաև այն մասին, թե «ինչպես չի փոխանցվում ՄԻԱՎ-ը», ինչը կնպաստի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խտրականության նվազեցմանը:

Անցորդներից շատերը իրենց աջակցությունը ցուցաբերեցին՝ ստորագրելով ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի պատմություններ և հակախտրական ուղերձներ պարունակող փոստային բացիկների վրա: Իսկ հակառետրովիրուսային բուժման հասանելիության շարունակականության ջատագովության նպատակով անցորդները, անձամբ միանալով ակցիային, խոստացան նամակ ուղարկել «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի գրասենյակ՝ կառավարության ուշադրությունը ՄԻԱՎ վարակի բուժման հասանելությանը սևեռելու համար:

Նշենք, որ ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք: Այս թիվն աճի միտում ունի. դեպքերից 228-ը գրանցվել է 2012թ.-ի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: 2012 թվականի ընթացքում արձանագրված դեպքերի մոտ 62%-ը հայտնաբերվել է բուժաշխատողների նախաձեռնությամբ իրականացված հետազոտությունների արդյունքում՝ հիվանդության ուշ փուլերում: Նույն միտումը նկատնում է նաև այս տարի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---