25 հունվարի 2006 - 15:32 AMT
Հայաստանը վճռականորեն դեմ է Թուրքիայի մասնակցությանը խաղաղապահ առաքելությանը Ղարաբաղում
«Հենց նոր ավարտվեց Կարել դե Գուխտի եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը: Հիմնականում բանակցությունները կենտրոնացել էին Լեռնային Ղարաբարի հետ կապված խնդրի շուրջ»,- հայտնել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԵԱՀԿ նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտի հետ համատեղ Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Վ. Օսկանյանը նշել է, որ այդ այցը տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների լոնդոնյան հանդիպումից հետո, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպման նախօրեին: Նրա խոսքերի համաձայն, այսօր կողմերի տեսակետների միջեւ էական տարբերություններ կան կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, կան խոչնդոտներ, որ պետք է հաղթահարվեն: ՀՀ արտգործնախարարը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ նախագահի այցի նպատակն էր ծանոթանալ այդ հարցում տեղ գտած խնդիրների հետ, եւ գտնել այդ խնդիրների լուծման հնարավոր ուղիները:

«Ես գտնում եմ, որ այդ տեսանկյունից բանակցությունները բավական արդյունավետ անցան. Ռ. Քոչարյանը հստակ ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը, խնդրի էությունը եւ ինչ պետք է արվի դրա լուծման համար»,- ընդգծեց Վ. Օսկանյանը: Բացի այդ, Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԵԱՀԿ նախագահը Երեւանից մեկնելու է Բաքու, եւ հույս հայտնեց, որ այդ այցը դրական խթան կհանդիսանա Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման նախապատրաստման փուլում: Պատասխանելով այն հարցին, թե որ երկրների զինվորները հնարավոր է ընդգրկվեն խաղաղապահ ուժերի կազմում, եթե այդպիսինները տեղակայվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, եւ որ երկրները Հայաստանը չէր ցանականա տեսնել խաղաղապահների կազմում` Վ. Օսկանյանը նշեց, որ «խաղաղապահների կազմը հաստասվելու է կողմերի փոխադարձ համաձայնությամբ, սակայն դեռ վաղ է այդ մասին խոսել»: «Մեր դեպքում ես հստակ կարող եմ ասել, որ Հայաստանի համար անընդունելի կլինի խաղաղապահ առաքելության կազմում Թուրքիայի առկայությունը»,- հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը: