Հայաստանը 10-րդն է աշխարհում մանրածախ առևտրի զարգացման վարկանիշային աղյուսակում

Հայաստանը 10-րդն է աշխարհում մանրածախ առևտրի զարգացման վարկանիշային աղյուսակում

PanARMENIAN.Net - A.T. Kearney խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է ամենամյա Global Retail Development Index 2013 վարկանիշային աղյուսակը, որում ներառված են մանրածախ առևտրի ոլորտում ներդրումներ կատարելու համար ամենահեռանկարային երկրները։ Աղյուսակն ամբողջությամբ ներկայացված է կազմակերպության պաշտոնական կայքում։

Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակում ներկայացված է 30 երկիր, որոնց շարքում Բրազիլիան, արդեն 3-րդ տարին անընդմեջ, զբաղեցնում է 1-ին հորիզոնականը։ Այս երկրում բնակչության մանրածախ ծախսերն անընդհատ աճում են, և մասնագետների հաշվարկների համաձայն՝ 2013թ. ևս 11%-ի աճ կարձանագրեն։ Համաշխարհային առաջատար մանրավաճառները, ինչպես, օրինակ, Wal-Mart-ն է, միլիարդավոր դոլարներ են ներդնում Բրազիլիայում գործող խանութների զարգացման և նորերի բացման համար։ Բացի այդ, զգալի մեծ ներդրումները գրավում են 2014թ. կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ու 2016թ. Օլիմպիական խաղերը։

Բրազիլիային հաջորդում են Չիլին, Ուրուգվայը, Չինաստանը, Միացյալ Արաբական Էմիրությունները։ Իսկ ինչ վերաբերում է մեր երկրին, ապա այն եզրափակում է լավագույն 10-յակը՝ առաջ անցնելով Ռուսաստանից (23-րդ հորիզոնական) և Ադրբեջանից (29-րդ հորիզոնական)։ Թուրքիան ու Վրաստանը գտնվում են 6-րդ և, համապատասխանաբար, 8-րդ հորիզոնականներում։

Զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածում հեղինակները, մասնավորապես, նշում են, որ 10-րդ հորիզոնականում հայտնված երկիրը եկամուտների աճի ու կենսապայմանների բարելավման միջոցով ուղի է հարթել մանրածախ առևտրի զարգացման համար։ Հայաստանի կառավարությունը պաշտոնական մակարդակով ողջունում է օտարերկրյա ներդրումները, իսկ մի շարք միջազգային վարկանիշային կազմակերպություններ էլ այս երկիրը համարում են բիզնես ծավալելու համար բավականին նպատակահարմար։ Այնուհանդերձ, կան նաև մարտահրավերներ, որոնց թվում է փոքր բնակչությունը, աշխարհագրական մեկուսացումը և ՀՆԱ-ի ցածր մակարդակը, ինչպես նաև պետական ու առևտրային ոլորտների կոռումպացվածությունը։

Փորձագետներն ընդգծում են, որ Հայաստանում մանրածախ առևտրի հատվածում դեռևս գերիշխում են տեղի «խաղացողները», սակայն օտարերկրյա ներդրողները զգալի տարածք ունեն զարգացման համար, քանի որ սուպերմարկետներն ու մթերային խանութների ցանցերն աստիճանաբար փոխարինում են բացօթյա շուկաներին։ Անցած 2012թ. մթերային խանութները մոտավորապես կրկնապատկել են իրենց թիվը, իսկ այս տարի դրանք ավելի շատ կենտրոնացած են ավելի փոքր ձևաչափով տարածվելուն։

Նկատենք, սակայն, որ վերլուծության մեջ անճշտություններ կան։ Մասնավորապես՝ նշվում է, որ սուպերմարկետների սեգմենտը վերջին տարիներին աճել ու ավելի միասնական է դարձել, և որ «Սթար» սուպերմարկետների ցանցը գնել է «Ֆրեշ» և «Երևան Սիթի» ցանցերը՝ շարունակելով իր ընդլայնումը քաղաքից դուրս շրջաններում և իր հաշվին ունենալով Հայաստանում կատարվող մանրածախ վաճառքի կեսը։ Իրականում, «Սթարը» ձեռք է բերել միայն «Ֆրեշը», իսկ մարզերում նրա «ընդլայնումը» թերևս դրսևորվում է մի քանի տարի առաջ Հրազդան քաղաքի մատույցներում բացված սուպերմարկետով։

Վերլուծության մեջ նշվում է նաև, որ Carrefour-ը ևս ծրագրեր ունի կապված Հայաստանի հետ, և նախատեսվում է, որ դրա մուտքը հայկական շուկա տեղի կունենա 2013թ. վերջին։

Նշվում է նաև «Դալմա Գարդեն Մոլ»-ը, որը բացվել է 2012թ.։ Նրանք նշում են, որ այն Հայաստանի տարածքում գործող առաջին արևմտյան ոճով առևտրի կենտրոնն է և երկրի ամենամեծ մանրածախ գոտին։ Այստեղ ներկայացված է 24 միջազգային բրենդ, ևս 20-ը ներկայացվելու մտադրություն ունի։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---