ԱԳ նախարար. ՀՀ նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին

ԱԳ նախարար. ՀՀ նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին

PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԽ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին։

Էդվարդ Նալբանդյանը ԵԽԽՎ անդամներին ներկայացրել է ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստանի կողմից նախագահության ստանձնումից ի վեր Նախարարների կոմիտեի գործունեությունը, Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև համագործակցության սերտացման նպատակով ԵԽ հայկական նախագահության իրականացվելիք քայլերը։

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի նախագահության գերակայությունները սահմանվել են նկատի ունենալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները և նրանցում կարևոր տեղ է հատկացվել Եվրոպայի խորհրդի բոլոր երեք հենասյուներին` մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ հայկական նախագահությունը շարունակելու է աջակցել ԵԽ Գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնած Եվրոպայի խորհրդի բարեփոխումների գործընթացին՝ կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու համար: «Հայաստանի նախագահությունը հետամուտ է լինելու Եվրոպայում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարին, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության եվրոպական չափանիշների ամրապնդմանը, ինչպես նաև ժողովրդավարական հասարակությունների խթանմանն ու եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի խորհրդի դերի ամրապնդմանը»,- ընդգծել է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահը։

Էդվարդ Նալբանդյանը նշել է նաև, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը խթանելու և պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում պետք է երաշխավորվի, որ անհատների իրավունքները պաշտպանվեն Եվրոպայի խորհրդի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են։ Կազմակերպությունը պետք է այդ միավորների հետ սերտ խորհրդակցությամբ դիտարկի կարգավիճակով չպայմանավորված մոտեցման հնարավորությունը՝ իր հիմնարար արժեքները և սկզբունքները խթանելու նպատակով։

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահն անդրադարձել է հարևան տարածաշրջանների՝ ժողովրդավարացման ճանապարհին գտնվող երկրներին Եվրոպայի խորհրդի հետ հարաբերվելու ձևաչափերի մշակման կարևորությանը։ Նա նաև պատասխանել է ԵԽ գործունեությանը, կազմակերպության հայկական նախագահությանը, Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող խորհրդարանական վեհաժողովի անդամների բազմաթիվ հարցերին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---