Հայկական ԱԱՊ-ների 3-րդ համաժողովն անցավ «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» շրջանակներում

Հայկական ԱԱՊ-ների  3-րդ համաժողովն անցավ «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթվա» շրջանակներում

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարության և Հայկական առևտրային ցանցի նախաձեռնությամբ մեկնարկեց Հայկական առևտրաարդյունաբերական պալատների 3-րդ համաժողովը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը, Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) նախագահ Վահրամ Փիրջանյանը և Հրաչ Գասպարը Կանադայից, փոխնախագահ Ժակ Ավդոյանը ֆրանսիայից, ինչպես նաև Հայաստանի, Արցախի, Ավստրալիաի, Բելգիայի, Կանադայի, Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի, Լիբանանի, Արգենտինայի, Իտալիայի և Իսպանիայի առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարներն ու ներկայացուցիչները: ՀՀ սփյուռքի նախարարին ուղեկցում էր Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: Հայկական առևտրային ցանցի առաջին համաժողովը տեղի է ունենցել Երևանում, երկրորդը՝ Փարիզում, հայտնում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը :

ՀՀ տնտեսական քաղաքականության և Հայկական առևտրական ցանցի անելիքների մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես ներկայացրեց երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, վերջին տարիների փոփոխությունները, միջազգային գնահատականները ներդրումային միջավայրի, օրենսդրական փոփոխություների և «Դուինգ բիզնեսի» գնահատականների, ինչպես նաև Հայաստանում սփյուռքահայերի ներդրումների մասին: Նախարարն ընդգծեց առևտրաարդյունաբերական պալատների կողմից նեդրումների խրախուսման, դրանց ավելացման, աշխատատեղերի ստեղծման, աղքատության և արտագաղթի կրճատմանն ուղղված քայլերին հայ բիզնեսմեների ակտիվ մասնակցության կարևորությունը: Հրանուշ Հակոբյանը առաջարկեց հաջորդ տարի չորրորդ համաժողովը կազմակերպել Հայատանում, ապա աշխատանքները շարունակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Համաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան բոլոր մասնակիցները: Համաժողովի պատվավոր հյուր, Ռումինիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը ներկայացրեց համաշխարհային տնտեսական զարգացման միտումները:

Ֆրանս-Հայկական գերազանցության շաբաթվա շրջանակում ներկայացվեցին Երևան քաղաքի, ՀՀ Գեղարքունիքի և Լոռվա մարզերի զարգացման ծրագրերը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը ներկայացրեց ընկերության գործունեությունն ու Հայաստանում հաջողության հասնելու նախապայմանները: Նա նշեց, որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանը վերջին տարիներին ունեցել է աննախադեպ առաջընթաց, որի հիմնական երաշխիքը որակյալ մասնագետներն են, պետության աջակցությունը, ինչպես նաև երիտասարդության շրջանում ոլորտի նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունը:

«Կիլիկիա» ընկերության տնօրեն Աշոտ Բաղդասարյանը ներկայացրեց իր ղեկավարած ձեռնարկության գործունեությունը և ոլորտի շուկայական հնարավորություններն ու առկա խնդիրները: Իր խոսքում նա կարևորեց հայ գործարարների ներդրումները Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման և հետագա առաջընթացի ապահովման գործում:

ՀՀ Գեղարքունիքի և Լոռվա մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունները ներկայացրեցին մարզպետներ Ռաֆիկ Գրիգորյանը և Արթուր Նալբանդյանը: Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց համալսարանի` որպես Գեղարքունիքի մարզի կրթական, գիտական, մշակութային կենտրոնի հիմնական առաքելությունը, քսանամյա բուհի գործունեության առանցքային ուղղությունները, Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Erasmus Mundus և Tempus արտաքին համագործակցության ծրագրերին համալսարանի մասնակցության արդյունքները:

Հայկական առևտրային ցանցի անդամների որոշմամբ հաջորդ համաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում: Համաժողովը շարունակեց իր աշխատանքները մինչև հունիսի 24-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---