Դանիացի հայագետ Հենինգ Լեհմանին հանձնվեց «Մովսես Խորենացի» մեդալ

Դանիացի հայագետ Հենինգ Լեհմանին հանձնվեց «Մովսես Խորենացի» մեդալ

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Արհուսի համալսարանում նշվեց համալսարանի նախկին ռեկտոր, փիլիսոփա, հայագետ Հենինգ Լեհմանի ծննդյան 80-ամյակը: Հանդիսությունը բացեց համալսարանի մշակույթի և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Բյարկ Պաարուպը: Նա շնորհավորեց Հենինգ Լեհմանին հոբելյանի առթիվ և ներկայացրեց նրա գիտական ու կրթական գործունեությունը:

Այնուհետև Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը պրոֆեսոր Հենինգ Լեհմանին հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված պետական պարգևը` Մովսես Խորենացու մեդալը` հայագիտության զարգացման գործում նրա ունեցած նշանակալի ավանդի և հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության համար: Դեսպան Աղաջանյանը, իր ելույթում շնորհավորելով Հենինգ Լեհմանին, նշեց, որ «նրա հայագիտական հետազոտություններն անգնահատելի են և նոր էջ են բաց արել Արևմուտքի և Արևելքի եկեղեցիների հայտնի ու անհայտ պատմական փոխազդեցությունների մեջ»:

Շնորհակալություն հայտնելով Հայաստանի պետական պարգևին արժանանալու կապակցությամբ` Հենինգ Լեհմանը հանդես եկավ «Մի կաթիլ ջրի մեջ երևացող աշխարհ» դասախոսությամբ և ներկայացրեց Բարոկոյից մինչև Լուսավորչություն ընկած ժամանակահատվածում Արևելյան և Արևմտյան եկեղեցիների միջև հարաբերությունների պատմությունը: Նա նշեց, որ «Հայկական եկեղեցին բավական վաղ հասկացավ տպագիր գրքի` որպես գիտության և քարոզի միջոցի կարևորությունը և նախաձեռնեց հայկական գրքի տպագրությունը»: Հենինգ Լեհմանը մատնանշեց 1565-ից մինչև 1745 թվականների այն հնատիպ 19 հայկական գրքերը, որոնք պահվում են Դանիայի թագավորական գրադարանում և ցուցադրվել են Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ցուցահանդեսում: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիսությանը ներկա էին համալսարանի դասախոսական կազմը, գիտնականներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---