Է.Խուդյանի գործով գլխավոր վկան չի հարցաքննվի

Է.Խուդյանի գործով գլխավոր վկան չի հարցաքննվի

PanARMENIAN.Net - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի շենքից բնակարան գնած և խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով գլխավոր վկային չի լսի: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը և մանրամասնում, որ խոսքը ներկայումս կալանավորված շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանի մասին է, ով թերևս դատաքննական փուլում արդեն բացահայտված փաստերից հետո հայտնի չէ ինչ եղանակներով փաստորեն խուսափեց դատարանում հարցաքննվելուց:

Հունիսի 7-ին դատարան էր ստացվել Ռուբեն Մանգասարյանի վերաբերյալ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը` խիստ կասկածելի բովանդակությամբ: Իսկ ամենակարևորն այն է, որ ըստ այդմ` դատարանում պետք է հրապարակվեն մինչդատական վարույթի ընթացքում Մանգասարյանի կողմից տրված ցուցմունքները, քանի որ հիմա նա, այսպես ասած, «ունակ չէ ճիշտ վերարտադրել իրականությունը»:

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը այսպիսի մի փորձագիտական եզրակացություն կանխատեսելի էր համարում, քանի որ դատարանում արդեն լիովին պարզ է դարձել, որ մինչդատական վարույթի ընթացքում տրված ցուցմունքների հիմնական մասը կեղծ է եղել: Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուբեն Մանգասարյանի նախաքննական կեղծ ցուցմունքներին` դատարանում արդեն ամբողջությամբ պարզվել է, որ նրա ցուցմունքները լիովին կեղծ են և վաղուց բացահայտվել է, որ տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը: Իսկ Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից` բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` Հարթունյան ընտանիքին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզես» ընկերությունից հայտնի Սևակ Արզարունու միջև` Վլադիսլավ Մանգասարյանի պարտքերի դիմաց: Խուդյանի փաստաբանի խոսքով` այս ամենից հետո ակնհայտ է, որ որ ամեն բան արվելու էր, որպեսզի Մանգասարյանը դատարանում ցուցմունք չտար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---