Սերժ Սարգսյան․ Հայ իրավաբանների ուշադրության կենտրոնում են Հայոց ցեղասպանության իրավական հիմնախնդիրները

Սերժ Սարգսյան․ Հայ իրավաբանների ուշադրության կենտրոնում են Հայոց ցեղասպանության իրավական հիմնախնդիրները

PanARMENIAN.Net - Երևանում տեղի ունեցող Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ համահայկական մասնագիտական նախաձեռնությունները դարձել են Հայաստան-սփյուռք համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկը: Եվ դրանք արդեն որոշակի արդյունքներ են տալիս՝ բացահայտելով աշխարհասփյուռ հայության ներուժի արդյունավետ օգտագործման նորանոր օրինակներ:

«Բնավ պատահական չէ, որ հայ իրավաբանների ուշադրության կենտրոնում են Հայոց ցեղասպանության իրավական հիմնախնդիրները: Դուք տեսական և գործնական ակտիվ մասնակցությունն եք ունենում դրա միջազգային ճանաչման գործընթացներին: Գնահատելի են ձեր ջանքերը տարբեր երկրների պետական և քաղաքական կառույցների ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին բևեռելու և ճշմարտությունը համայն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ՝ նպաստելով աշխարհի որևէ կետում ցեղասպանության ահավոր ոճրի կրկնության կանխարգելմանը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը և դրա հետևանքների վերացումը մշտապես արդիական են լինելու: Քանի դեռ գոյություն ունի հայոց պետությունը՝ անհաջողության են մատնվելու այս պատմական իրողությունը ուրանալու և մոռացության տալու բոլոր փորձերը: Մարդկության դեմ գործված մեծագույն այս հանցագործությունը պետք է մեկընդմիշտ ճանաչվի և դատապարտվի՝ առաջին հերթին հենց Թուրքիայի կողմից:

2011 թվականի ապրիլին ձևավորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, կազմավորվեցին միջազգային խորհրդատվական խումբը, ինչպես նաև սփյուռքի համապատասխան տարածաշրջանային հանձնախմբերը: Ձեզանից շատերը, անկասկած, արդեն ակտիվորեն ներգրավվել են այդ աշխատանքներում:

Այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի նախաշեմին, դուք կարող եք մեկտեղել ձեր գիտելիքն ու փորձը, հանդես գալ առաջարկություններով և գիտական եզրահանգումներով», - նշել է նախագահը։

«Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի աշխատանքները մեկնարկել են այսօր։ Համաժողովը կազմակերպել են Սփյուռքի նախարարությունը և «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» կազմակերպությունը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---