Երևանի և Ռիգայի քաղաքապետերը ստորագրել են երկու քաղաքների եղբայրացման համաձայնագիր

Երևանի և Ռիգայի քաղաքապետերը ստորագրել են երկու քաղաքների եղբայրացման համաձայնագիր

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նիլ Ուշակովը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և արձանագրելով, որ երկու քաղաքապետերն էլ, ըստ էության, գրեթե միաժամանակ են վերընտրվել իրենց զբաղեցրած պաշտոններում, հույս է հայտնել, որ այդ հանգամանքը ևս մեկ խթան կհանդիսանա Երևանի և Ռիգայի միջև փոխշահավետ համագործակցություն հաստատելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազում ծրագրեր կյանքի կոչելու համար։

«Անկեղծորեն ուրախ եմ, որ հենց այս փուլում եք այցելել Ռիգա: Այս օրերին Ռիգայում անցկացվում է ոչ միայն Լատվիայի, այլև ողջ Եվրոպայի կողմից ճանաչված ամենահայտնի` լատվիական երգի և պարի ավանդական տոնը, ինչը հրաշալի հնարավորություն է լիարժեք տեսնելու ու ծանոթանալու մեր քաղաքին: Համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ մեր կողմից ստորագրվելիք համաձայնագիրը կնպաստի, որ երկու մայրաքաղաքների բնակիչներն ավելի հաճախակի այցելեն մեկը մյուսին և շատ ավելի տեղեկացված լինեն մեր մշակույթների առանձնահատկություններին: Նաև վստահ եմ, որ մեր ջերմ հարաբերություններն անպայման կունենան նաև փոխշահավետ զարգացումներ», - նշել է Ռիգայի քաղաքապետը:

Տարոն Մարգարյանն իր հերթին, նախ փոխադարձաբար շնորհավորել է գործընկերոջը վերընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ պատասխանատու աշխատանքում: Անդրադառնալով երկու քաղաքների միջև փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու գործնական հարաբերությունների զարգացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս նկատել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն իսկապես կարևոր խթան է Երևանի և Ռիգայի բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար: Քաղաքապետը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու Երևանի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։

«Մենք ողջունում ենք գործընկեր քաղաքների հետ փոխշահավետ համագործակցությունը, և վստահ եմ, որ ստորագրվելիք եղբայրացաման մասին համաձայնագիրն իսկապես արդյունավետ ծրագրային համագործակցության սկիզբ կդնի Երևանի և Ռիգայի միջև: Մեզ համար շատ կարևոր է տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի և նախագծերի իրականացումն ու փորձի փոխանակումը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը ստորագրել են եղբայրացման մասին համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջև: Համաձայնագրի շրջանակում համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տեղական ինքակառավարման, փորձի և մասնագետների փոխանակման, քաղաքային ծառայությունների կառավարման, ինչպես նաև քաղաքներում երթևեկության և փոխադրումների կազմակերպման ուղղությամբ:

Հանդիպման վերջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նիլ Ուշակովին հրավիրել է Երևան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---