Հայաստանն ու Ռումինիան առաջիկա տարիներին մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 500 մլն եվրոյի

Հայաստանն ու Ռումինիան առաջիկա տարիներին մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 500 մլն եվրոյի

PanARMENIAN.Net - Հուլիսի 9-ին Երևանում մեկնարկեց հայ-ռումինական գործարար համաժողովը, որն անցնում է հայ-ռումինական առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի շրջանակներում: Համաժողովի կազմակերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը և ՀՀ Արդյունաբերողների ու գործարարների միությունը:

Ռումինիայից Հայաստան է ժամանել ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում են արդյունաբերության, բժշկության, զբոսաշրջության, ՏՏ, շինարարության, բանկային ոլոտրի, ավիացիայի, գեոֆիզիկայի, կոշիկի արտադրության ոլորտներում գործող 29 ընկերությունների ներկայացուցիչներ:

«Հայաստանն ու Ռումինիան չօգտագործված ներուժ ունեն առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Առաջիկա տարիներին նախատեսվում է ապրանքաշրջանառությունը հասցնել 500 մլն եվրոյի»,-հայտարարել է Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը:

Իր հերթին հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները՝ նշելով, որ վերջին տարիներին երկրում զգալիորեն բարելավվել է գործարար մթնոլորտը:

Առաջնային ոլորտների թվում նախարարը նշել է ՏՏ-ն, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և նրա կարևոր ճյուղը՝ վերամշակող արդյունաբերությունը, զարգանում են ենթակառուցվածքները, որոնք թույլ են տալիս կրճատել տրանսպորտային ծախսերը, ոսկերչությունն ու ադամանդագործությունը, որտեղ Հայաստանի ու ներդրողների համար մեծ հեռանկարներ են բացվում տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային կենտրոն դառնալու առումով՝ ազատ տնտեսական գոտում աշխատանքի շնորհիվ: «Հուսով եմ, որ առաջիկայում մենք կլսենք ռումինացի ներդրողների հաջողության մասին Հայաստանում»,-ասել է նա:

Ստորագրվեց հուշագիր հայ-ռումինական կոմերցիոն և արդյունաբերական միության և ռումինա-հայկական երկկողմանի առևտրաարդյունաբերական պալատի միջև:

2012թ. ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև կազմել է 88,6 մլն դոլար: Արտահանումը Հայաստանից Ռումինիա կազմել է 574,2 հազար դոլար, իսկ հակառակ ուղղությամբ՝ 88,1 մլն դոլար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---