Մայր բուհի ուսանողներն այցելել են Արցախ

Մայր բուհի ուսանողներն այցելել են Արցախ

PanARMENIAN.Net - Հարյուրից ավելի համալսարանականներ հուլիսի 5-ից 7-ը մեկնել էին Արցախ` մասնակցելու ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի կազմակերպած միջոցառումների շարքին, որոնց աջակցել են նաև Ուսանողական գիտական ընկերությունը, Ուսանողական խորհուրդը և Մշակույթի կենտրոնը, ֆինանսավորել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: «Ուսանողության հիմնական մասը դեռ երբեք չէր եղել Արցախում, նրանք առաջին անգամ էին ոտք դնում մեր հայրենիքի այս հատվածում: Համոզված եմ, որ այսուհետ նրանք կկապվեն մեր հայրենի հողի այս մասնիկի հետ»,- ասել է Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը:

ԵՊՀ ուսանողության մի մասը հյուրընկալվել է Արցախի պետական համալսարանում, որտեղ տեղի է ունեցել Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված հանրապետական երիտասարդական մեծ գիտաժողով, որի օրակարգում ընդգրկվել էին 30-ից ավելի զեկույցներ:

«Ուրախ ենք ընդունելու ձեզ մեր համալսարանում: Ցանկանում ենք, որ այսօրինակ միջոցառումները և համագործակցությունը երկու առաջատար համալսարանների միջև շարունակական բնույթ ունենա»,- ասել է ԱրՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վահրամ Բալայանը` հավելելով, որ Արցախ չեն այցելում, այլ ուղղակի գնում են տեսնելու, քանի որ այն օտար երկիր չէ, այլ Հայաստանի մի մասն է:

ԵՊՀ ուսանողական խորհրդի անդամները և Մշակույթի կենտրոնի սաները եղել են Քարվաճառում, այցելել տեղի զորամասերից մեկը: Քարվաճառի մշակույթի տանը տեղի է ունեցել Քարվաճառի ազատագրման 20-ամյակին նվիրված համերգ: Արցախում համալսարանականները մասնակցել են նաև արդեն ավանդական դարձած ծառատունկին: ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը, ամփոփելով եռօրյա այցը, նշել է, որ ծրագրի նպատակն էր հայ երիտասարդության ուշադրությունը վերստին հրավիրել Արցախյան շարժման ակունքների, պատճառների, կարևոր դրվագների և հետևանքների վրա. «Արցախում լինել ցանկացողները շատ-շատ էին»:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---