Ազատամարտիկները հանդես կգան ՌԴ-ում կալանավարված հայ վարորդին սատարելու կոչով

Ազատամարտիկները  հանդես կգան ՌԴ-ում կալանավարված հայ վարորդին սատարելու կոչով

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին Մոսկվայում խոշոր վթարի պատճառ դարձած բեռնատարի վարորդ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին պաշտպանելու համար ազատամարտիկները մտադիր են հանդես գալ կոչով: Այսօր նրանք ասուլիս էին հրավիրել, որտեղ և տեղեկացրին այս մասին: Ազատամարտիկնեը վրդոհված են ՀՀ քաղաքացու նկատմամբ ՌԴ իրավապահների վերաբերմունքից:

«Շատ ցավալի է, երբ տղամարդուն կանացի ծաղկավոր խալաթով բերել են դատարանի դահլիճ, սրսկումներով արթնացրել են, սա ուղղակի ամոթ է, մահ է մեզ համար»,- ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը՝ հավելելով, որ լավ սոցիալական պայմաններից չի, որ վարորդը Ռուսաստան է մեկնել ու այսօր էլ նման իրավիճակում հայտնվել:

Ազատամարտիկները մտադիր են ՌԴ իրավապահների վերաբերմունքի մասին իրենց բողոքի ձայնը փոխանցել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ռուսաստանի հայերի միությունը։

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Երեկ նրան դատարանի դահլիճ են բերել կանացի խալաթով և չսափրված: Ռուսական ԶԼՄ-ներն հաղորդել են, որ ՀՀ քաղաքացուն սրսկումներով են արթնացրել, վթարից հետո նա հիվանդանոցում է եղել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---