4 մարտի 2006 - 15:44 AMT
Երեւանը պաշտոնապես հավաստիացրել է Եվրոպայի Խորհրդին, որ Հայաստանում չկան ԿՀՎ գաղտնի բանտեր
Հայաստանը պաշտոնապես հավաստիացրել է Եվրոպայի խորհրդին, որ երկրում չկան ամերիկյան գաղտնի կալանավայրեր եւ Հայաստանը չի աջակցել ամերիկյան գաղտնի գործակալներին` իր տարածքով տեղափոխելու ահաբեկչության գործունեության մեջ կասկածվող անձանց: «Հպարտությամբ հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկան գաղտնի բանտեր կամ անօրինական ճանապարհով տեղափոխվող կալանավորներ», - գրել էր Վարդան Օսկանյանը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին ուղղված հունվարի 27-ի նամակում, որը հրապարակվել է այս շաբաթ: Անցած տարվա նոյեմբերին Դեւիսը խնդրել էր Եվրախորհրդի անդամ երկրներին պարզաբանել, թե իրենց օրենսդրություններն ինչպես են երաշխավորում, որ վերահսկվեն օտարերկրյա գործակալությունների ներկայացուցիչների գործողությունները: Դեւիսի խնդրանքը մաս է կազմում Եվրախորհրդի հետաքննության, որը ձեռնարկվել է այն հայտարարություններից հետո, թե Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) արեւելյան Եվրոպայում գտնվող գաղտնի բանտերում հարցաքննել է Ալ Ղաիդայի հետ կապերի մեջ կասկածվող անձանց եւ գաղտնի թռիչքներով նրանցից ոմանց փոխադրել է Եվրոպայի տարածքի վրայով: Հայաստանը դրանում ներգրավված լինելու մեջ կասկածվող երկրների թվում չէր: Իր նամակում Վարդան Օսկանյանը ներկայացրել է քրեական հանցագործությունների մեջ կասկածվող անձանց կալանումն ու էքստրադիցիան կարգավորող Հայաստանի Սահմանադրության եւ օրենսդրության հոդվածների մի երկար ցանկ` հավաստիացնելով, որ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ապահովում է անհրաժեշտ երաշխիքները Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի պահանջներին համապատասխան իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար` կանխելով Հայաստանում որեւէ մարդու անօրինական ազատազրկումը եւ տեղափոխումը այլ երկիր»:

Օսկանյանի նամակը, Եվրոպայի Խորհրդի անդամ այլ երկներից ստացված նամակների հետ միասին, տեղադրված է Եվրախորհրդի ինտերնետային էջում, որտեղ հրապարակված է նաեւ Թերի Դեւիսի հատուկ զեկույցը, որում նա նշում է, որ Իտալիայի, Մակեդոնիայի եւ Բոսնիայի տրամադրած տեղեկատվությունը թերի է, իսկ Եվրախորհրդի անդամ երեք երկրներ` այդ թվում Վրաստանը, առհասարակ անարձագանք են թողել խնդրանքը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: